Ավստրալացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ճարպակալման դեմ դեղի աղբյուրը կարող է լինել հասանելի, էժան եւ տառացիորեն գտնվել մեր ոտքերի տակ:
Թեկնածուական ատենախոսության վրա աշխատելիս University of South Australia-ից Թանի Դենինգը պատահաբար հայտնաբերել է, որ կավի բաղադրիչները, որոնք օգտագործվել են օրգանիզմում դեղերի լավագույն տեղափոխումը հետազոտելիս, ընդունակ են «ներծծել» աղիներում եղած ճարպերը:
«Սա զարմանալի է: Ես կավի խմբակցությունների որոշակի հատկություններն ուսումնասիրում էի հակափսիխոտիկ դեղամիջոցների ներծծման բարելավման մեջ, երբ հասկացա, որ կավի մասնիկները իրենց այնպես չեն պահում, ինչպես սպասվում էր»,- նշել է նա:
Քայքայվելու եւ դեղի մասնիկները բաց թողնելու փոխարեն, կավը դեպի իրեն է «գրավել» ճարպի կաթիլները եւ դրանք ներծծել: Արդյունքում ճարպը աղիների կողմից չի կլանվել եւ ուղղակի անցել է մարսողական համակարգով:
Գիտնականների խումբը, որում աշխատում է Դենինգը, ուսումնասիրել է մոնտմորիլոնիտի (բնական կավային նյութ, որն արտադրում են ցեխից) եւ լապոնիտի (սինթետիկ կավ) արդյունավետությունը առնետների վրա, որոնք ստացել են ճարպերով հարուստ դիետա: Դրանց ազդեցությունը համեմատվել է պլացեբոյի եւ նիհարելու տարածված դեղամիջոց օրլիստատի հետ: Կավի երկու տեսակները եւ օրլիստատը նպաստել են քաշի կորստին, սակայն կավն ավելի լավ է գործել:
Դենինգի խոսքով՝ նոր դեղը մեծ հեռանկարներ է բացում ճարպակալման բուժման համար, այդ թվում նաեւ արդեն գոյություն ունեցող դեղամիջոցների զուգահեռ օգտագործմամբ: Նյութը ճարպի կլանման համար մեծ մակերեւույթ ունի, ինչն ընդգծում է ճարպերի հետ նրա փոխգործակցության ունակությունը:
Հիմա օգտագործվող օրլիստատը ճարպի քայքայումը եւ ներծծումը ճնշում է մոտ 30 տոկոսով: Սա նիհարելուն օգնում է, սակայն ունի տհաճ կողմնակի էֆեկտներ՝ փորացավեր, փքվածություն, դիարեա: Նոր հետազոտության հեղինակներն ակնկալում են, որ կավի նոր ածանցյալի հետ համատեղ բուժումն ավելի արդյունավետ կանցնի, այն կկարողանա ներծծել ճարպի ավելցուկները՝ կանխելով անցանկալի ռեակցիաները: