Մեծ Բրիտանիայում 340 գրամ քաշով ծնված երեխային դուրս են գրել հիվանդանոցից (ֆոտո)

10:42   4 սեպտեմբերի, 2018

Մեծ Բրիտանիայում վերջապես հիվանդանոցից դուրս են գրել երեխային, որը 6 ամիս առաջ ծնվել էր 340 գրամ քաշով: Բրիտանական լրատվամիջոցները երեխայի կշիռը համեմատել են Coca-Cola-ի տարայի կշռի հետ:

 

Թեո Թեյլորը ծնվել է մարտին: Բժիշկները 26 շաբաթական հղիության ժամանակ ծննդաբերած մորը մխիթարիչ կանխատեսումներ չէին հաղորդում, քանի որ հղիության 19 շաբաթում երեխան դադարել է աճել արգանդում: Փոքրիկի հայրը՝ Ջեյը պատմել է, որ որդու ծննդից մեկ օր առաջ կնոջն առաջարկել են արհեստականորեն ընդհատել հղիությունը:

«Նա փոքրիկ մարտիկ է: Մինչ լույս աշխարհ գալն ինձ համար դժվար էր մշտապես լսել, որ նա չի ապրի, իսկ ծննդից հետո մշտապես պնդում էին, որ նրան տուն չենք տանի»,- պատմել է փոքրիկի մայրը՝ 24-ամյա Քեթի Թեյլորը: Նա խոստովանել է, որ ամուսնու հետ արել են հնարավոր ամեն ինչ եւ չեն հուսահատվել:

 

Թեոյի լույս աշխարհ գալուց երկու շաբաթ անց են միայն բժիշկները թույլ տվել, որ ծնողները գրկեն նրան: «Ես երբեք այդքան փոքր երեխաներ չէի տեսել: Չգիտեի, որ նրանք այդքան փոքր են լինում: Նա ձեռքիցս էլ փոքր էր»,- հավելել է Ջեյը՝ խոստովանելով, որ նախ շատ է վախեցել:

 

Կես տարեկանում երեխային, վերջապես, կարողացել են դուրս գրել հիվանդանոցից: Հիմա նա կշռում է նույնքան, որքան առողջ 6 ամսական երեխան:



© NEWS.am Medicine