Ինտիմ կյանքում զուգընկերների սխալ սպասումները կարող են ամուսնության մեջ ճակատագրական դերակատարում ունենալ. սեքսոպաթոլոգ

22:26   5 սեպտեմբերի, 2018

Առավել հաճախ ինչպիսի՞ սեռական խանգարումներ են հանդիպում, ինչպե՞ս պահպանել ներդաշնակությունը ամուսնության մեջ եւ որո՞նք են արական անպտղության զարգացման հավանականության գործոնները՝ այս հարցերի շուրջ է NEWS.am Medicine-ի հարցազրույցը բժիշկ-սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանի հետ:

Տղամարդկանց մոտ ինչպիսի՞ սեռական խանգարումներ են առավել հաճախ հանդիպում:

Հայաստանում հաճախելիությունից ելնելով՝ տղամարդկանց շրջանում առավել հաճախ հանդիպում են վաղաժամ սերմնաժայթքումը եւ էրեկտիլ դիսֆունկցիան: Հազվադեպ չեն նաեւ դեպքերը, երբ սեռական խանգարումը զարգանում է սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի, ավելորդ քաշի, բորբոքային պրոցեսների հետեւանքով:

Ավելի հասուն տարիքում տղամարդկանց մոտ նկատվում է տարիքային անդրոգենային դեֆիցիտ, ինչը բերում է սեռական ցանկության նվազման: Դրանից բացի, հասուն տարիքում սեռական խանգարումներ կարող են առաջանալ սիրտ-անոթային հիվանդությունների, արյան ճնշման, շաքարային դիաբետի դեմ դեղերի ընդունման պատճառով:

Տարիքին զուգահեռ՝         տղամարդկանց մոտ սեռական խանգարումներն ավելի հաճախ են դիտվում, քան կանանց մոտ: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ տղամարդկանց մոտ սոմատիկ խնդիրներն անմիջական ազդեցություն են ունենում սեքսուալության վրա, մինչդեռ կանանց մոտ սեքսուալությունը հիմնականում կապված է հոգեզգայական գործոնի հետ:

Կանայք ինչպիսի՞ սեռական խանգարումներով են Ձեզ ավելի հաճախ դիմում:

Դա հիմնականում անօրգազմիան է կամ հիպոօրգազմիան, սեռական ցանկության նվազումը կամ բացակայությունը, վագինիզմը եւ դիսպարեունիան (ցավ սեռական ակտի ժամանակ):

Չեմ կարող չնշել, որ վագինիզմը ամուսնական կյանքի համար լուրջ վտանգներ է ներկայացնում, եւ որոշ զույգեր կարող են այս խնդիրը տարիներով թաքցնել՝ արդյունքում նորմալ սեռական հարաբերություններ չունենալով: Սա կարելի է կապել սեռական դաստիարակության, վախերի եւ սեռական շփման մասին կեղծ պատկերացումների, ապատեղեկատվության հետ, ինչը հանգեցնում է սեռական ակտի հանդեպ ներքին բացասական վերաբերմունքի:

Անօրգազմիայի մասին խոսելիս նշենք, որ եթե կինը երկար ժամանակ օրգազմ չի զգում, նա սկսում է սեռական հարաբերություններից խուսափել: Սա, իր հերթին, կարող է բերել ընտանեկան-սեռական աններդաշնակության ձեւավորման: Նորմա է համարվում, եթե կինը 50-100 տոկոս սեռական ակտերի ժամանակ օրգազմ է զգում: Եթե այս տոկոսը ցածր է կամ զրոյի է հավասարված, ապա խոսքը պաթոլոգիայի մասին է:

Ամուսնանալուց առաջ որքանո՞վ է կարեւոր սեքսոպաթոլոգի խորհրդատվությունը ստանալ:

Սա մեծ նշանակություն ունի, քանի որ այդ դեպքում նրանք շատ հարցերի պատասխաններ են ստանում: Առաջին հերթին՝ ամուսնանալուց առաջ զույգը կարող է սեռական կյանքից տարբեր սպասումներ ունենալ: Եթե իրական կյանքում սպասումները չեն արդարանում, ապա դա կարող է դառնալ ամուսինների միջեւ լուրջ տարաձայնությունների եւ սեռական կյանքից դժգոհության պատճառ:

Դրանից բացի, գոյություն ունեն շինծու սեռական խանգարումներ, որոնք առաջանում են ապատեղեկատվության գործոնի հետեւանքով: Այս դեպքում զուգընկերներից յուրաքանչյուրը սեռական շփումների հաճախակիության իր պատկերացումն ունի կամ էլ ամուսինները սեռական կառուցվածքի տարբեր տեսակներ ունեն: Սեռական կառուցվածքի ուժեղ տեսակի դեպքում մարդու մոտ սեքսի մեծ պահանջ կա, եւ նրա ամուսնությունը թույլ սեռական կառուցվածքով մարդու հետ կարող է սեռական ցանկություններում աններդաշնակություն առաջացնել:

Նման խնդիրները հնարավոր է հայտնաբերել դեռեւս նախնական փուլում մասնագետի խորհրդատվությանը դիմելով, ինչն ամուսիններին կօգնի խուսափել համանման վիճակներից:

Հետաքրքիր փաստ՝ ընտանիքում սեռական խանգարումները հենց կինն է ավելի արագ հայտնաբերում: Նույնիսկ կողակցին սեքսոպաթոլոգի մոտ ուղարկելու նախաձեռնությունը նրանից է բխում: Նշեմ, որ զույգի միաժամանակյա թերապիան ամենաարդյունավետն է: Տղամարդը կարող է բժշկին հայտնել միայն իր տեսակետը, մինչդեռ կնոջ պարզաբանումները ավելի օբյեկտիվ են լինում, ինչն օգնում է ճիշտ ախտորոշում կատարելուն:

Ամուսնության մեջ կաո՞ղ են ճակատագրական դերակատարում ունենալ ինտիմ կյանքից զուգընկերների սխալ սպասումները:

Հաճախ կինը դժգոհում է, որ ամուսնու հետ ինտիմ կապի իր սպասումները չեն արդարանում: Արդյունքում նրա սեռական պահանջները եւ սպասումները չեն համապատասխանում իրականությանը: Սակայն դրա վրա կարող են ազդել տարբեր գործոններ՝ ամուսինը կարող է աշխատանքով ծանրաբեռնված լինել եւ հոգնել կամ նա ավելի թույլ սեռական կառուցվածք ունի: Կամ էլ տղամարդը նախընտրում է սեռական գգվանքների մի դիապազոն, կինը՝ այլ:

Արդյունքում սա կարող է բերել սեռական աններդաշնակության զարգացման, որը տարիների ընթացքում կխորանա եւ ամուսիններին իրարից կօտարացնի:

Կարելի է ասել, որ երիտասարդ տարիքում պատահում են վագինիզմի, չիրականացված սպասումների եւ այլ պատճառներով առաջացած սեռական խանգարումներ: Ավելի հասուն տարիքում սկսում են գերակշռել սեռական ցանկության բացակայության կամ նվազման պատճառով առաջացող սեռական խանգարումները: Դա կարող են խորացնել կենցաղային խնդիրները:

Վերջերս ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում հետազոտություն էր անցկացվել, որով հայտնաբերվել էր, որ մարդիկ իրականում գերագնահատում են ուրիշների սեռական կյանքը՝ այն ավելի հագեցած պատկերացնելով, քան իրականում է:

Մեր պրակտիկայում հաճախ ենք դրան հանդիպում: Մարդկանց հաճախ թվում է, որ իրենց սեռական կյանքն իրականում լիարժեք չէ: Նրանք չեն մտածում, օրինակ, որ ընկերները կարող են խաբել՝ պատմելով իրենց ակտիվ սեռական կյանքի մասին:

Մինչդեռ այս ապատեղեկատվությունն ազդում է մարդու սեռական կյանքի վրա. նա սկսում է մտածել, որ մյուս զույգերն ավելի ակտիվ սեռական կյանքով են ապրում, որ նրանք սեռական գգվանքների լայն դիապազոն ունեն: Հաճախ սա դառնում է ծանրագույն սեռական խանգարումների պատճառ:

Նման դեպքերում կարող է օգնել մասնագետի բացատրական աշխատանքը:

Իհարկե, դեպքեր են պատահում, երբ ամուսինները միմյանցից օտարվում են, խուսափում են սեռական շփումներից: Դա հանգեցնում է նրան, որ տղամարդու մոտ սեռական խանգարումները խորանում են, հազվադեպ սեռական շփումների պատճառով վաղաժամ սերմնաժայթքումը սկսում է կրել հաճախակի բնույթ, նվազում է էրեկցիայի որակը:

Սեռական խանգարումներն արդյոք կապվա՞ծ են արական անպտղության հետ:

Իսկապես կապ կա: Տղամարդու համար անպտղության ախտորոշումը ամենասթրեսայիններից մեկն է, ընդ որում՝ այս ֆոնին նրա մոտ կարող են սեռական խանգարումներ զարգանալ: Կամ հակառակը՝ որոշ սեռական խանգարումներն են դառնում անպտղության պատճառը:

Ռիսկի գործոնների թվում կարելի է նշել սեռական հասունացման տարիքում խոզուկով հիվանդանալը, ինչի հետ կապված ծնողները պետք է ուշադրություն դարձնեն երեխաներին ժամանակին պատվաստելու վրա: Դրանից բացի, տղաները 13-14 տարեկանից հետո մասնագետի մոտ պարտադիր պետք է անցնեն ամենամյա կանխարգելիչ հետազոտություններ:

Արական անպտղության դեպքում ռիսկի գործոններ են ավելորդ քաշը, քրոնիկական բորբոքային հիվանդությունները, ալկոհոլի օգտագործումը, ծխելը, վնասակար արտադրությունում աշխատելը:

Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, դիտվում է արական անպտղության աճի միտում: Բացառված չէ, որ սա կապված է վատ էկոլոգիայի եւ սխալ սնվելու գործոնի հետ:



© NEWS.am Medicine