Հայ բժիշկները կարել են հիվանդի ամբողջությամբ կտրված թեւը (ֆոտո)

16:48   5 սեպտեմբերի, 2018
«Հերացի» համալսարանական կլինիկայում տրավմատիկ անդամահատումից հետո հիվանդի աջ թեւը կարել են: Արագածոտնից 31-ամյա Ժորա Խաչատրյանը ծանր վնասվածք էր ստացել արտադրության մեջ: Վերջույթը հաջողվեց վերականգնել ռեանիմատոլոգների, անեսթեզիոլոգների, տրավմատոլոգների եւ նեյրովիրաբույժների համակարգված աշխատանքի շնորհիվ:

Ինչպես լրագրողներին հայտնեց պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, վիրահատությունը կատարվել է սեպտեմբերի 3-ին եւ տեւել է 7,5 ժամ: «Նախ կատարվում է վերքի առաջնային մշակում, ճիշտ է գնահատվում հիվանդի եւ կորցրած վերջույթի վիճակը, որից հետո որոշում է ընդունվում՝ այն վերականգնման ենթակա է, թե ոչ: Սա բարդ դեպք էր: Նման վնասվածքները դժվար է վերականգնել: Մեր վնասվածքաբանները ժամանակին ամրացրին մկանները, որից հետո սկսվեց վերաիմպլանտացիայի պրոցեսը, որը հաջող անցավ»,- հայտնեց նա:

Նրա խոսքով՝ վիրահատությունը սկսելուց արդեն 2-2,5 ժամ հետո վերականգնվել է արյան շրջանառությունը: «Հիվանդը գիտակցության մեջ է, նրա վիճակը համապատասխանում է ստացած վնասվածքին եւ տարած վիրահատությանը: Մենք ճիշտ որոշում ենք ընդունել՝ նրա թեւը վերականգնելով»,- նշեց վիրաբույժը:

«Համակարգված աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք վերջույթը լիովին վերականգնել, եւ լրացուցիչ միջամտության անհրաժեշտություն չի լինի, քանի որ վիրահատության ժամանակ մենք ստիպված էինք թեւը 5 սմ-ով կարճացնել»,- տեղեկացրեց Սահակյանը:

Ինչպես նշվեց, սովորաբար վերականգնման ժամանակահատվածը տեւում է 1-1,5 տարի: Մինչդեռ բժիշկները վստահ են, որ Ժորա Խաչատրյանը կկարողանա վիրահատված ձեռքն օգտագործել եւ նույնիսկ գրել: «Հիվանդը լավատեսորեն է տրամադրված, իրեն քաջասիրտ է պահում: Սա կօգնի նրա հետագա վերականգնման գործին, քանի որ շատ կարեւոր է, որ հիվանդը վստահի բժշկին եւ լավատես լինի»,- շեշտեց վիրաբույժը:

 



© NEWS.am Medicine