Հրապարակվել են զարկերակային ճնշման ցուցանիշներին վերաբերող նոր նորմերը

14:03   6 սեպտեմբերի, 2018

Մյունխենում ամենամյա սրտաբանական համաժողովում հրապարակվել են զարկերակային ճնշման ցուցանիշներին վերաբերող նոր նորմերը: Դրանք հրապարակվել են նաեւ European Heart Journal-ում:

Զարկերակային ճնշման նոր չափորոշիչները ներկայացրել են Հիպերտոնիայի բուժման եվրոպական միության եւ Սրտաբանների եվրոպական միության (ESC) փորձագետները:  Ըստ նրանց՝ հիմա նորմի վերին սահման է համարվում սնդիկի սյան 130-80 մմ-ը: Նախկինում այս ցուցանիշը հավասար էր սնդիկի սյան 140-90 մմ-ին:

Մինչեւ 65 տարեկանը վերին ճնշման համար առողջ ցուցանիշը պետք է լինի սնդիկի սյան 120-129 մմ սահմանում: 65 եւ 80 տարեկանից մեծերի համար այս ցուցանիշը չպետք է գերազանցի սնդիկի սյան 139 մմ-ը: Մինչդեռ նախկինում տարիքային այս խմբերում սահմանված էին ավելի բարձր շեմային նիշեր՝ սնդիկի սյան 140–150 մմ:

Բոլորի համար ստորին ճնշումը, անկախ ուղեկցող հիվանդություններից եւ վտանգի աստիճանից, պետք է պահպանվի սնդիկի սյան 80 մմ-ի սահմանում:



© NEWS.am Medicine