Փորձագետները հայտնել են, թե օդանավակայանում վիրուսները որտեղ են լինում ամենից շատ

16:45   6 սեպտեմբերի, 2018

Օդանավակայանում իրերի ստուգման համար պլաստիկե մակույկները ամենաշատն են վիրուսներ պարունակում: Ինչպես հայտնում է BMC Infectious Diseases ամսագիրը, այս մասին վկայում են հետազոտության արդյունքները, որն անցկացրել են Նոթինգեմի համալսարանի եւ Առողջապահության ու սոցիալական ապահովության ֆիննական ազգային ինստիտուտի մասնագետները:

Հետազոտությունը կատարվել է 2016 թվականի ձմռանը Հելսինկի օդանավակայանում պիկ ժամերին: Պարզվել է, որ մեծ քանակությամբ վիրուսներ են «պարունակում» պլաստիկե մակույկները, որոնց մեջ ուղեւորները հսկիչ անցակետում ստուգման համար որոշ իրեր են դնում: Ընդ որում՝ քանի որ մակույկների մակերեւույթը պինդ եւ ոչ ծակոտկեն է, որոշ վիրուսներ կարող են դրանց մեջ ապրել մինչեւ 2 օր:

Հետազոտության ընթացքում հայտնաբերված ամենատարածված վիրուսն էր մրսածություն առաջացնող ռինովիրուսը: Դրանից բացի, հաճախ է հանդիպել նաեւ A տեսակի գրիպի վիրուսը: Ուշագրավ է, որ զուգարաններում մակերեւույթներին չի հայտնաբերվել շնչառական ոչ մի վիրուս:

Ընդհանուր առմամբ, վիրուսներ են հայտնաբերվել հետազոտված մակերեւույթների 10 տոկոսի վրա, որոնց թվում էին՝ վճարային տերմինալները, սանդուղքների բազրիքները, անձնագրային ստուգման կետերը եւ մանկական խաղահրապարակները:

Վարակվելու վտանգը նվազագույնի հասցնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս ձեռքերը լվանալ եւ հազալիս հետեւել հիգիենայի կանոններին, այսինքն հազալ բերանը թաշկինակով կամ ձեռքով փակած, հատկապես հասարակական վայրերում: Նախազգուշական այս հասանելի միջոցներին կարեւոր է հետեւել մարդկանց զանգվածային կուտակման վայրերում, հատկապես օդանավակայաններում:



© NEWS.am Medicine