Ձիթապտղի յուղը կարող է պաշտպանել սրտի եւ գլխուղեղի կաթվածներից. հետազոտություն

18:19   10 սեպտեմբերի, 2018

Սննդակարգում չհագեցած ճարպերի, մասնավորապես ձիթապտղի յուղի մեծ պարունակությունն օգնում է կանխել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը: Այս մասին նշված է Keenan Research Centre for Biomedical Science (KRCBS) of St. Michael's Hospital-ի մասնագետների նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Communications ամսագրում:

Ինչպես հայտնի է, ապոլիպոտպրոտեին A-IV-ն (ApoA-IV) կարող է նվազեցնել սրտի եւ գլխուղեղի կաթվածների վտանգը: Սա արյան պլազմայի սպիտակուց է, որի խտությունը մեծանում է սնունդ ընդունելուց հետո: Անալիզը ցույց է տվել, որ ApoA-IV-ն, արգելափակելով IIb/IIIa թաղանթային սպիտակուցը, ճնշում է թրոմբոցիտների ակտիվությունը, որոնք կարող են անոթների խցանում առաջացնել:

Նորմայում արյան այս տարրերը պատասխանատու են արյունահոսության դադարեցման համար: Չհագեցած ճարպերով մթերքները հեշտացնում են անոթներով արյան հոսքը: Գիտնականներն ընդգծում են, որ առավոտյան ժամերին հաճախ նկատվում է արյան հոսքի վատթարացում՝ արյունն ավելի խիտ է, քան օրվա երկրորդ կեսին: Սա կարող է թրոմբներ առաջացնել: Կարծիք կա, որ մարդու օրգանիզմը գլխուղեղի եւ սրտի կաթվածներից ավելի լավ է պաշտպանված քնած ժամանակ, իսկ ահա վաղ առավոտյան արթնանալուց անմիջապես հետո վտանգը մեծանում է:



© NEWS.am Medicine