Երևանում տեղի կունենա համաժողով՝ նվիրված ակնաբուժությանը, նեոնատոլոգիային և ներզատաբանությանը

21:37   10 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 24-ից 26-ը Երևանում տեղի կունենա Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 16-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը, նեոնատոլոգիային և ներզատաբանությանը: Համաժողովին կմասնակցեն մասնագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից, Կովկասյան տարածաշրջանից, Կենտրոնական Ասիայից և Միջին Արևելքից:

Ելույթներով հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցների և համալսարանների ներկայացուցիչները, ովքեր կներկայացնեն տարբեր ոլորտներում իրենց փորձը և զարգացման միտումները: Հայկական ակնաբուժության նախագիծը (այսուհետ՝ ՀԱՆ), Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԱՄՆ), Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի, «Աչքի սամարացիներ ինթերնեշնլ»-ի (Eye Samaritans International) (ԱՄՆ), ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի, Ակնաբույժների հայկական ասոցիացիայի և Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի հետ գործակցությամբ համապարփակ ծրագիր է պատրաստել մանկական և ընդհանուր ակնաբույժների, նեոնատոլոգների և ներզատաբանների համար՝ կենտրոնանալով ակնային հիվանդությունների վրա: Կներկայացվեն նաև առողջապահության ոլորտում ամպային նոր տեխնոլոգիաներ կիրառող համակարգեր:

Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել Հայկական ակնաբուժության նախագծի գրասենյակ՝ (հեռ. +37410 55 90 68, էլ. փոստ՝ [email protected]):



© NEWS.am Medicine