Ճնշումն ինչպես իջեցնել առանց դեղերի

10:59   12 սեպտեմբերի, 2018

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները ճնշման իջեցման միջոց են առաջարկել, ընդ որում՝ առանց դեղամիջոցների օգտագործման: Հարցը ապրելակերպն է. 16 շաբաթվա ընթացքում դրա փոփոխությունը օգնում է ճնշման նվազեցմանը:

Փորձին մասնակցել է 40-80 տարեկան գրեթե 130 մարդ, որոնք տառապել են ճարպակալմամբ կամ ավելորդ քաշով: Բոլոր փորձարկվողներն ունեցել են արյան բարձր ճնշում, սակայն բուժման ընթացքում դեղամիջոցներ չեն օգտագործել:

16-շաբաթյա ժամկետում խմբերից մեկը փոխել է ապրելու սովորական կերպը՝ սննդակարգի մեջ ներառելով մեծ քանակությամբ բանջարեղեն եւ մրգեր, նաեւ կրճատելով աղի, կարմիր մսի, յուղային կաթնամթերքի օգտագործումը: Երկրորդ խումբը ուշադրությունը կենտրոնացրել է բացառապես սննդակարգի վրա, երրորդ խումբն իր սովորություններն ընդհանրապես չի փոփոխել:

Արդյունքում պարզվել է, որ փորձարկման ընթացքում առաջին խումբը ոչ միայն նիհարել է, այլեւ նվազել է սովորաբար բարձր արյան ճնշումը: Դրանից բացի, հետազոտությունն ավարտելուց հետո դեղամիջոցների կարիք է ունեցել ընդամենը 15 տոկոսը, երկրորդ խմբում այս ցուցանիշը կազմել է 23 տոկոս, իսկ երրորդում ոչինչ չի փոխվել:



© NEWS.am Medicine