Ցիրկադային ռիթմերը կարեւոր դերակատարում ունեն ասթմայի ախտորոշման եւ բուժման գործում. հետազոտություն

21:43   12 սեպտեմբերի, 2018

Ցիրկադային ռիթմերը կարեւոր դերակատարում ունեն ասթմայի ախտորոշման եւ բուժման գործում: Ինչպես տեղեկացնում է Xinhua-ն, համապատասխան հետազոտությունն անցկացվել է Մանչեսթերի համալսարանի մասնագետների կողմից:

Հետազոտության մեջ ընդգրկվել են 300-ից ավելի ասթմատիկներ: Պարզվել է, որ առավոտյան ժամերին նրանց մոտ ավելի քան 2 անգամ շատ բորբոքային բջիջներ են եղել (էոզինոֆիլներ), քան կեսօրից հետո: Ընդ որում՝ ասթմայի ախտանշանները ավելի շատ են արտահայտվել հենց առավոտյան ժամերին:

Մասնագետները նշում են, որ իրենց հետազոտությունը ապագայում կարող է օգնել ասթմայի ճշգրիտ ախտորոշմանը եւ բուժմանը: Դրանից բացի, ելնելով ստացած արդյունքներից՝ հնարավոր կդառնա տարբեր կլինիկական որոշումներ ընդունել՝ կախված օրվա ժամից, այնսինքն՝ բուժումն ավելի անհատականացնել:

Մասնավորապես՝ ապագայում ասթմատիկները կարող են օրվա ընթացքում իրենց բիոմարկերները վերահսկել, որպեսզի որոշեն բուժման համար լավագույն ժամանակը:



© NEWS.am Medicine