Տղամարդն ավելի քան 25 տարի ապրել է վիրահատական գործիքը որովայնում

13:34   15 սեպտեմբերի, 2018

Մյանմարի բժիշկները տղամարդու որովայնային խոռոչից 15 սմ-անոց վիրահատական գործիք են հանել, որը մասնագետները մոռացել էին 26 տարի առաջ մեկ այլ վիրահատության ընթացքում:

Այդ ամբողջ ընթացքում նա սուր ցավեր է ունեցել: Ընտանիքը գտածոյի մասին պատմել է նախորդ վիրահատությունը կատարած վիրաբույժին, սակայն վերջինը չի ընդունել մեղքը: «Անկեղծ ասած՝ ես այն ժամանակ փրկեցի նրա կյանքը: Առանց վիրահատության նա կմահանար»,- ասել է բժիշկը:

Նա պատահածի համար բուժքույրերին է մեղադրել, որոնք պետք է վիրահատությունից հետո հաշվեին գործիքները: Բացի այդ՝ վիրաբույժը բողոքել է պայմաններից, որոնցում ստիպված է եղել աշխատել. էլեկտրամատակարարման խափանումների պատճառով ստիպված է եղել վիրահատությունները կատարել լապտերի լույսի ներքո:

Հիվանդի հարազատները դիմել են Մյանմարի առողջապահության նախարարություն:



© NEWS.am Medicine