Հակաբորբոքային դիետան նվազեցնում է վաղաժամ մահվան վտանգը

10:43   15 սեպտեմբերի, 2018

Բորբոքային պրոցեսների նվազմանը նպաստող մթերքների օգտագործումն օգնում է զգալիորեն նվազեցնել վաղաժամ մահվան վտանգը: EurekAlert!-ի հաղորդմամբ՝ այս մասին է վկայում գիտնականների միջազգային խմբի հետազոտությունը:

Ուսումնասիրությանը մասնակցել է 45-83 տարեկան 68.273 մարդ, որոնց առողջությանը հետեւել են 16 տարի շարունակ: Պարզվել է, որ նրանք, ովքեր ուշադիր հետեւել են իրենց սննդակարգին եւ մրգեր, բանջարեղեն, սուրճ, չոր նախաճաշ, անյուղ պանիր, ձիթապտղի ձեթ, ընկուզեղեն, շոկոլադ են կերել, 18%-ով նվազեցրել են վաղաժամ մահվան վտանգը (ցանկացած պատճառից), 20%-ով՝ սիրտ-անոթային հիվանդություններից եւ 13%-ով՝ քաղցկեղից մահվան վտանգից:

Բացի այդ՝ գիտնականները հակաբորբոքային դիետայի ավելի ուժեղ արդյունք են արձանագրել ծխողների խմբում: Հետազոտության ընթացքում ավելի հաճախ մահացել են նրանք, ովքեր բորբոքային պրոցեսներին նպաստող մթերքներ են կերել՝ միս, չիփս, ոչ ալկոհոլային ըմպելիքներ:

Կարմիր գինու եւ գարեջրի չափավոր օգտագործումը, հակառակը, նպաստել է երկարակեցությանը:



© NEWS.am Medicine