«Խնձոր» կազմվածքը կարող է վկայել օրգանիզմում բորբոքային պրոցեսի մասին

22:33   15 սեպտեմբերի, 2018

Գոտկատեղի շրջանում ճարպային կուտակումները կարող են ահազանգել գլխուղեղում ընթացող բորբոքումների մասին։ Այսպիսի եզրահանգման են եկել Քալիֆորնիական համալսարանի գիտնականները՝ տեղեկացնում է The Daily Mail-ն։

Հետազոտության արդյունքները վկայում են, որ նշված փոխազդեցությունը կարող է նկատվել տղամարդկանց մոտ, իսկ կանանց պաշտպանում է էվոլյուցիոն մեխանիզմը, քանի որ հղիության ժամանակ ճարպը կուտակվում է մարմնի հենց ստորին մասում։ Սակայն՝ եթե կնոջ մոտ ընդհանուր ճարպակալում կա, ապա բորբոքման ռիսկը մեծանում է։

Գոտկատեղի շրջանում ճարպային կուտակումները վկայում են նյութափոխանակության խանգարման մասին, ինչն իր մեջ ներառում է արյան բարձր ճնշում, արյան մեջ շաքարի եւ ճարպի բարձր մակարդակ։ Ճարպակալման դեպքում տղամարդկանց մոտ նկատվում է տեստոստերոնի նվազում, էներգիայի ցածր մակարդակ, թուլացած մկաններ, սպերմատոզոիդների թվի նվազում։

Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանց ճարպակալումից պաշտպանում է էստրոգենը։ Մենոպաուզայի ժամանակ, երբ էստրոգենը նվազում է, կանայք եւս ճարպակալման հակում են ձեռք բերում, ինչն էլ կարող է հանգեցնել բորբոքման։

Գիտնականները նաեւ հաստատում են, որ «տանձ» կազմվածքով մարդիկ, որոնց մոտ ճարպերը կուտակվում են ազդրերի շրջանում, հակառակը, հազվադեպ են բորբոքումներ ունենում։



© NEWS.am Medicine