Ինչն է մարդկանց ստիպում սոցցանցերում հետեւել նախկին զուգընկերներին

17:21   18 սեպտեմբերի, 2018

Հոգեբանները պատմել են, թե ինչն է մարդկանց ստիպում սոցիալական ցանցերում հետեւել նախկին զուգընկերներին: BMC Psychology ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ նման պահվածքի հակված են նրանք, ովքեր կասկածում են, որ արժանի են սիրո:

Իռլանդիայի Ազգային համալսարանի գիտնականները վերլուծել են 717 անձի տվյալները: Պարզվել է, որ հարաբերություններում ոչ ինքնավստահ մարդիկ սոցիալական ցանցերում տարածում են միայն այն տեղեկությունը, որն ավելի դրական պատկերացում է ձեւավորում իրենց եւ իրենց կյանքի մասին: Մարդկանց այս տեսակը հակված է սոցցանցերում հետեւել նախկին զուգընկերներին:

Գիտնականները նշում են, որ նման պահվածքը բնորոշ է ոչ միայն ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց, այլեւ նրանց, որոնց մոտ հոգեբանական սթրեսի բարձր մակարդակ է նկատվում (մասնավորապես՝ դեպրեսիա եւ տագնապ): Էմոցիոնալ կապվածության իրենց պահանջմունքը բավարարելու համար նրանք սոցցանցերն են օգտագործում:

Նման մարդիկ հակված են մշտապես համեմատվել ուրիշների հետ, որոնք, ինչպես իրենց է թվում, ավելի հետաքրքիր կյանքով են ապրում: Բացի այդ՝ նրանք կարող են էմոցիաների ազդեցությամբ իրենց էջերում մեծ քանակությամբ անձնական ինֆորմացիա հրապարակել:



© NEWS.am Medicine