Իսկական պատերազմ՝ ուղեղում. Ինչո՞ւ են մարդիկ դժվար հաղթահարում ծուլությունը

17:22   20 սեպտեմբերի, 2018

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները թեստեր են անցկացրել եւ պարզել, թե ինչու է մարդկանց համար դժվար ակտիվ հանգիստ ընտրելը, երբ տանը մնալու եւ ոչինչ չանելու հնարավորություն կա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neuropsychologia ամսագրում:

Հետազոտողները թեստեր են անցկացրել 29 մեծահասակ մարդկանց վրա եւ եկել այն եզրահանգման, որ ակտիվ հանգստի օգտին ընտրության համար ուղեղը ավելի շատ ջանքերի կարիք ունի, քան բազմոցին թավալվելու օգտին:

Մասնակիցները հոգեբանական թեստերի ժամանակ նախապատվություն են տվել սպորտին եւ ակտիվության այլ տեսակներին: Սակայն երբ գիտնականները հետեւել են գլխուղեղի կեղեւի ճակատային հատվածի էլեկտրական ակտիվությանը, ապա պարզվել է, որ ուղեղին ավելի շատ ռեսուրս է պետք եղել, երբ մարդիկ որոշում են ընդունել ակտիվ հանգստի օգտին:

Ինչպես հայտնում են հետազոտողները, խոսքը ուղեղի հատվածների մասին է, որոնք պատասխանատու են սթափ դատողության եւ զգացմունքների համար: Երբ թեստերի մասնակիցները ստիպված էին որոշումներ ընդունել, այս հատվածների միջեւ «պայքար» է սկսվել:

Գիտնականները շեշտում են, որ ջանքերը նվազագույնի հասցնելու միտումը էվոլյուցիայի գործընթացում առանցքային նշանակություն է ունեցել: Ֆիզիկական ռեսուրսների խնայումը եւ պահպանումը մեծացրել են մարդու ապրելիության եւ վերարտադրման հնարավորությունները:

Հետազոտության ղեկավարներից մեկը՝ Բորիս Շեւալը կարծում է, որ հիմա, հակառակը, անհրաժեշտ է խրախուսել ֆիզիկական ակտիվությունը, որ կրճատվեն «ջանքերը նվազագույնի հասցնելու ինքնաբուխ վարքագծի հնարավորությունները»:

Հիշեցնենք, որ նախկինում  Քանզասի համալսարանի գիտնականները նույնպես եկել էին էվոլյուցիայի մեջ ծուլության կարեւորության եզրակացությանը: Կակղամորթների օրինակով նրանք էզրահանգոււմ էին կատարել այն մասին, որ արագացված մետաբոլիզմը եւ բարձր ակտիվությունը դանդաղեցնում էին տեսակների զարգացումը:



© NEWS.am Medicine