Գիտնականներն առաջին անգամ ցողունային բջիջներից կերակրափող են աճեցրել

21:00   22 սեպտեմբերի, 2018

Ամերիկյան մոլեկուլյար կենսաբանները՝ Ցինցինատիի համալսարանից, հայտարարել են, որ իրենց հաջողվել է առաջին անգամ աճեցնել կերակրափող՝ մարդու ցողունային բջիջներից։ Գիտնականները հուսով են, որ իրենց բացահայտումը կօգնի վերականգնել քաղցկեղից կամ այլ հիվանդություններից հետո վնասված օրգանները։

«Այս փոքր օրգանները կօգնեն մեզ ոչ միայն հասկանալ, թե ինչպես են առաջանում կերակրափողի ի ծնե արատները եւ տարբեր աուտոիմունային հիվանդություններն ու քաղցկեղը, այլեւ թույլ կտան աճեցնել բջիջներ եւ հյուսվածքներ՝ հիվանդների կերակրափողը վերականգնելու համար»,- հայտարարել են գիտնականները։

Իրենց հետազոտությունների ժամանակ նրանք հետեւել են, թե ինչպես են գեները միանում եւ անջատվում մկների եւ գորտերի սաղմերում շնչափողի եւ կերակրափողի ձեւավորման ժամանակ։ Այս դիտարկումները թույլ են տվել հասկանալ, թե ինչպես է ցողունային բջիջներից ձեւավորվում կերակրափողը։

Պարզվել է, որ կերակրափողի եւ շնչափողի բջիջների բաժանման ժամանակ հիմնական դերը կատարում է Sox2 գենը։ Հետաքրքիրն այն է, որ երբ գենն «անջատել» են,տեղի է ունեցել շնչառական օրգանների ձեւավորում, իսկ երբ «միացրել» են՝ սկսել են ձեւավորվել մարսողական օրգանները։

Իրենց փորձերում մասնագետները երկու ամսվա ընթացքում կերակրափողի հյուսվածքներ են աճեցրել մի միջավայրում, որը նպաստել է Sox2 գենի միացմանը։ Եւ նրանք հասել են իրենց նպատակին։

Իհարկե, այսպիսի մինի-օրգանները հնարավոր չէ փոխպատվաստել մարդկանց, սակայն դրանք կօգնեն մասնագետներին ուսումնասիրել հնարավոր մուտացիաներն ու այս մեթոդի թերությունները։



© NEWS.am Medicine