Կինը վերջին անգամ գրկել է հնգամյա դստերը եւ նրա ուղեղը տվել այլ հիվանդների փրկության համար (ֆոտո)

14:42   24 սեպտեմբերի, 2018

Մեծ Բրիտանիայի հնգամյա բնակչուհի Օլիվիան ընդամենը մեկ տարի է ապրել այն օրից, երբ բժիշկները նրա գլխուղեղում ագրեսիվ ուռուցք են ախտորոշել: Վերջին ամիսներին աղջիկը չէր կարողանում տանել հպումները, եւ մայրը կարողացել է նրան գրկել միայն մահանալուց հետո, հայտնում է The Sun-ը:

Քլեր Գրեգորին գիտեր, որ Օլիվիան դատապարտված է՝ այն պահից սկսած, երբ բժիշկներն ախտորոշեցին «գլխուղեղի բնի գլիոմա»: Բժիշկները մորն անմիջապես զգուշացրել էին, որ աղջիկը ապրելու ոչ մի հնարավորություն չունի:

Օլիվիան վերջին 2 ամիսներին մորը թույլ չէր տալիս իրեն հպվել՝ հիվանդության հետեւանքով նրան գրգռում էր ցանկացած հպում: Քլերը կարողացել է իր դստերը կրկին գրկել միայն մահից հետո:

«Սիրտս փշրված էր, որովհետեւ Օլիվիան մահացել էր, բայց ինձ դուր էր գալիս, որ կարող եմ կրկին նրան հպվել»,- ասել է նա:

Ծնողները Օլիվիայի մարմնի հետ են անցկացրել մի քանի ժամ, մինչեւ նրան ընդմիշտ հրաժեշտ տալը: Այնուհետեւ աղջկա մարմինը տեղափոխվել է Գրեյթ Օրմոնդ սթրիթ հիվանդանոց գլխուղեղը հանելու համար: Քլերը որոշել է, որ դստեր մարմինը հետազոտության համար նվիրաբերելով՝ կարող է փրկել այլ երեխաների կյանքը: Գուցե Օլիվիայի ուռուցքն ուսումնասիրելով՝ բժիշկները նրա հիվանդության դեմ նոր դեղեր կգտնեն: Եվ այդ դեպքում մեկ ուրիշ ընտանիք ստիպված չի լինի վերապրել այն ողբերգությունը, որի հետ բախվել էին Օլիվիայի ծնողները:

«Կարծում եմ, որ սա Օլիվիայի համար այս աշխարհում հետք թողնելու եւս մեկ հնարավորություն է»,- ասել է Քլերը:

 

 



© NEWS.am Medicine