Ֆիզիկական ակտիվությունը դրական է ազդում հոգեկան առողջության վրա

10:48   28 սեպտեմբերի, 2018

Ֆիզիկական ակտիվությունը դրական է ազդում հոգեկան առողջության վրա: Ամերիկացի գիտնականների հետազոտության համաձայն՝ նույնիսկ տնային գործերի կատարումը կարող է դրական անդրադառնալ մարդու էմոցիոնալ վիճակի վրա:

Հետազոտական խումբը վերլուծել է ավելի քան 1,2 մլն մեծահասակ ամերիկացիների հարցման տվյալները: Կամավորները հայտնել են անցյալ ամիս աշխատանքից դուրս իրենց ֆիզիկական ակտիվության մասին, ինչպես նաեւ պատմել են, թե քանի օրվա ընթացքում են տրամադրության անկում ունեցել սթրեսի, դեպրեսիայի կամ էմոցիոնալ խնդիրների պատճառով:

The Lancet Psychiatry-ի տեղեկություններով՝ փորձարկվողների մոտ ամսական միջինը 3,4 «վատ» օր է եղել: Մինչդեռ նրանց մոտ, ովքեր աշխատանքից դուրս ֆիզիկական ակտիվությանն ուշադրություն են հատկացրել, վատ տրամադրության ցուցանիշները ամսական 1,5 օրով քիչ էին: Իսկ նրանք, ովքեր դեպրեսիա են ունեցել, բայց ֆիզիկապես ակտիվ են եղել, վատ տրամադրությամբ օրերի թիվը կրճատվել է 3,8 օրով:

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունների առավել մեծ դրական արդյունք է դիտվել նրանց մոտ, ովքեր 45-ական րոպեով մարզումների են հաճախել շաբաթական 3-5 անգամ: Սակայն դրական ազդեցություն են ունեցել նաեւ զբոսանքները, ինչպես նաեւ տան գործերը կատարելը: Ուշագրավ է, որ տնային հոգսը «վատ» օրերի թիվը 9,7 տոկոսով նվազեցրել է:

Սպորտի թիմային տեսակները վատ տրամադրությամբ օրերի թիվը նվազեցրել են 22 տոկոսով. 21 տոկոսով՝ մարմնամարզությունը, 23 տոկոսով՝ յոգան եւ թայ-չին:

Մինչդեռ, մասնագետների կարծիքով՝ ավելորդ ֆիզիկական ակտիվությունը հակառակ արդյունք ունի, եւ օրական 3 ժամից ավելի մարզումները կարող են ավելացնել ամսական «վատ» օրերի քանակությունը:



© NEWS.am Medicine