Արհեստական ինտելեկտը բժիշկներից լավ կճանաչի փսիխոզն ու դեպրեսիան

14:30   28 սեպտեմբերի, 2018

Արհեստական ինտելեկտը ունակ է փսիխոզն ու դեպրեսիան բժիշկներից ավելի լավ ճանաչել: Այս մասին վկայում են միջազգային գիտական խմբի հետազոտությունները՝ Ավստրալիայի Երիտասարդների հոգեկան առողջության ոլորտում առաջավոր փորձի Orygen ազգային կենտրոնի պրոֆեսոր Սթիվեն Վուդի ղեկավարությամբ:

Ինչպես հայտնում է JAMA Psychiatry-ն, հետազոտությանը մասնակցել է փսիխոզի զարգացման վտանգով 116, դեպրեսիայով 120 եւ հոգեկան խանգարումներ չունեցող 176 մարդ, որոնց ընդգրկել են հսկիչ խմբում: Կամավորների տարիքը տատանվել է 15-ից մինչեւ 40 տարեկանի սահմաններում, իսկ սոցիալական արդյունքների կանխատեսումները կազմվել են մեկ տարվա համար:

Վերլուծության համար օգտագործվել են գլխուղեղի ակտիվության վիզուալացման արդյունքները եւ հարցաշարերին փորձարկվողների պատասխանները:

Պարզվել է, որ արհեստական ինտելեկտի կանխատեսումների ճշգրտությունը կազմել է 83 տոկոս՝ փսիխոզի մեծ հավանականությամբ մարդկանց համար եւ 70 տոկոս՝ դեպրեսիայով մարդկանց համար: Ուշագրավ է, որ երկու դեպքում էլ ստացած ցուցանիշները գերազանցել են բժիշկների կանխատեսումների ճշգրտությունը:

Գիտնականների կարծիքով՝ արհեստական ինտելեկտի դրական կողմն այն է, որ նրա ալգորիթմները զուրկ են ենթագիտակցական նախատրամադրվածությունից: Սա, իր հերթին, կօգնի հոգեկան խանգարումների դեպքում թերապիան դարձնել անհատականացված եւ ավելի արդյունավետ:



© NEWS.am Medicine