Ամպամած եղանակը կարող է Պարկինսոնի հիվանդության պատճառ դառնալ

20:55   28 սեպտեմբերի, 2018

Ամպամած եղանակը կարող է Պարկինսոնի հիվանդության պատճառ դառնալ: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ-ի Էմորիի համալսարանի նյարդաբանները:

Գիտնականների կարծիքով՝ արեւի լույսի դեֆիցիտը կարող է հանգեցնել Պարկինսոնի հիվանդության զարգացման: Հիմնվելով 15-ամյա դիտարկումների արդյունքների վրա՝ մասնագետները նշում են, որ նման կործանարար ազդեցությունը D վիտամինի պակասի հետեւանք է, որը սինթեզվում է ուլրամանուշակագույնի ազդեցությամբ:

Այս կապակցությամբ փորձագետները խորհուրդ են տալիս ամպամած եղանակի ժամանակ սննդակարգում D վիտամին պարունակող մթերքներ ներառել: Խոսքը, մասնավորապես, կաթի, հատիկավորների եւ ձկնեղենի մասին է:

Պարկինսոնի հիվանդությունը՝ դանդաղ զարգացող քրոնիկական նյարդաբանական հիվանդություն, բնորոշ է ավագ տարիքային խմբի մարդկանց: Ժամանակակից բժշկությունը դեռեւս չի կարողանում բուժել հիվանդությունը, սակայն գոյություն ունեցող բուժման պահպանողական եւ օպերատիվ մեթոդները թույլ են տալիս զգալիորեն բարելավել հիվանդների կյանքի որակը եւ դանդաղեցնել հիվանդության զարգացումը:



© NEWS.am Medicine