Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման համար 6 խորհուրդ

10:40   1 հոկտեմբերի, 2018

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված հիվանդություններից է։ Քաղցկեղի այս տեսակը կանանց մոտ քաղցկեղից մահացության պատճառների շարքում երկրորդ տեղում է (առաջին տեղում թոքերի քաղցկեղն է):

Ի՞նչ կարելի է անել կրծքագեղձի քաղցկեղը կանխելու համար։

  1. Հետեւեք առողջ սննդակարգի

Բազմազան սննդակարգը՝ ներառյալ բանջարեղենը, միսը եւ սպիտակուցները, օգտակար ճարպերը եւ բջջանյութը, ահհրաժեշտ է առողջության պահպանման եւ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու համար։ Իսկ ահա, շաքարը եւ մշակված միսը (նրբերշիկ, ապուխտ եւ այլն) սննդակարգում պետք է սահմանափակել։

  1. Զբաղվեք սպորտով

Հետազոտությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունը 10-30 տոկոսով նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Բավարար է շաբաթական մի քանի անգամ 30 րոպեանոց վազքը։

  1. Մի ծխեք

Ծխելը մեծացնում է կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Չի կարելի մոռանալ, որ ծխախոտը թոքերի քաղցկեղի, միզապարկի քաղցկեղի եւ այլ հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից մեկն է։

  1. Նորածիններին հնարավորինս երկար կերակրեք կրծքով

Կրծքով կերակրելն օգտակար է ոչ միայն երեխայի, այլեւ մոր համար։ Հետազոտություններից մեկի համաձայն՝ 12 ամիսը մեկ կրծքով կերակրելը 41 տոկոսով նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը։ Այսպիսով, որքան երկար կերակրեք կրծքով, այնքան լավ ձեր կրծքի առողջության (եւ ձեր երեխայի) համար։ կարծիք կա, որ լակտացիայի ընթացքում էստրոգենի ցածր մակարդակը նվազեցնում է հիվանդության առաջացման վտանգը։

  1. Սահմանափակեք ալկոհոլի քանակը

Ալկոհոլի չարաշահումը կապված է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման մեծ հավանականության հետ։ Կանանց խորհուրդ է տրվում օրական 1 բաժակ գինուց ավել չխմել։

  1. Պահպանեք առողջ քաշը

Ավելորդ քաշը եւ ճարպակալումը նույնպես կարող են նպաստել կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում քաշը պահել նորմայի սահմաններում։ Նորմալ է համարվում մարմնի քաշի ինդեքսի 20-25 ցուցանիշը։



© NEWS.am Medicine