Անցած ձմռան ընթացքում գրիպը սպանել է 80 հազար ամերիկացու

12:00   29 սեպտեմբերի, 2018

Անցած ձմռան ընթացքում ԱՄՆ–ում գրիպից եւ դրա բարդացումներից 80 հազար մարդ է մահացել։ Սա այս հիվանդությունից մահացության ամենաբարձր ցուցանիշն է վերջին 40 տարվա ընթացքում։

Այս մասին Associated Press գործակալությանը հայտնել է Centers for Disease Control and Prevention–ի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդը։ Նրա խոսքով՝ մասնագետները գիտեին, որ մահացությունը բարձր է, սակայն այդպիսի ցուցանիշների չէին սպասում։ CDC–ի տվյալներով՝ վերջին տարիներին  գրիպից մահացել է 12-ից 56 հազար մարդ։

«[80 հազար մահվան դեպքը] արդեն չափազանց է»,–ցավով հայտնել է Vanderbilt Universitу–ում պատվաստանյութների հարցերով փորձագետ Ուիլյամ Շաֆները։ Դա գրեթե 2 անգամ ավելին է, քան նախկինում ենթադրվում էր։

Մահացության աճի պատճառներից մեկը նշվում է գրիպի դեմ պատվաստանյութերի արդյունավետության վատթարացումը։ Այնուամենայնիվ, CDC–ն պնդում է, որ մարդիկ շարունակեն պատվաստվել, քանի որ հենց պատվաստանյութն է հաճախ կյանքը փրկում։

«Ես կցանկանայի, որ ավելի շատ մարդիկ պատվաստվեին»,–նշել է դոկտոր Ռեդֆիլդը։

Գրիպի համար ամենասարսափելի սեզոնը համարվում է 1918 թվականին սկսված պանդեմիան։ Այն մոլեգնել է գրեթե 2 տարի եւ սպանել ավելի քան 500 հազար ամերիկացու։

 



© NEWS.am Medicine