Պարերն օգնում են նվազեցնել սթրեսի մակարդակը եւ բարձրացնել տրամադրությունը

17:55   1 հոկտեմբերի, 2018

Պարերն օգնում են նվազեցնել սթրեսի մակարդակը եւ բարձրացնել տրամադրությունը: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է Ուկրաինայի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ուլյանա Սուպրունը

«Մենք վարժվել ենք ֆիզիկական ակտիվությունը նույնացնել վազքի, մարզասարքերի դահլիճի կամ որոշակի մարզաձեւի հետ: Սակայն կա ֆիզիկական ակտիվության նաեւ մի տեսակ, որն առողջության համար պակաս օգտակար չէ՝ պարելը: Անկախ այն բանից, ցանկանում եք արդյոք զույգով ռիթմիկ շարժվել կամ դանդաղ պարեր պարել, սա ակտիվ լինելու ամենահաճելի եղանակներից մեկն է»,- նշել է Սուպրունը:

Նրա խոսքով՝ պարելը հոյակապ հնարավորություն է նրանց համար, ովքեր հոգ են տանում իրենց սրտի մասին: Այսպես, խոշոր հետազոտության արդյունքներով, որին մասնակցել է մոտ 48 հազար մարդ, չափավոր պարային ակտիվությունը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը եւ դրանց հետեւանքով մահանալու հավանականությունը:

Դրանից բացի, երաժշտությունը խթանում է ուղեղի հաճույքի կենտրոնները, իսկ մեղեդու ներքո ռիթմիկ շարժումներն ակտիվացնում են սենսորային եւ շարժողական կենտրոնները: Սա հիշողության եւ որոշումներ կայացնելու ունակության լավ մարզում է, հատկապես տարեց մարդկանց համար: Մի քանի հետազոտություններ ցույց են տալիս, որ պարերն օգնում են նվազեցնել դեմենցիայի առաջացման հավանականությունը՝ նույնիսկ ավելի մեծ արդյունավետությամբ, քան ընթերցելը:

«Էնդորֆինների՝ բնական ցավազրկողների ազդեցության հետեւանքով մենք մեզ պարելիս ավելի լավ ու երջանիկ ենք զգում»,- հավելել է Սուփրունը:

Ինչպես նշվել է, բացի ֆիզիկական առողջության համար առավելությունից, պարը բարելավում է սոցիալական հմտությունները, օգնում է թիմում ավելի ներդաշնակ աշխատել եւ ազդում է նոր ծանոթություններ հաստատելու մարդու ունակության վրա: Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունն օգնում է մարմինը տոնուսում պահել, մեծացնում է աերոբիկայի ունակությունները, նվազեցնում արյան ճնշումը եւ ազդում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա:

«Պարերն ունեն այս բոլոր օգտակար հատկությունները, միաժամանակ մեծ հաճույք են պատճառում»,- եզրափակել է նա:



© NEWS.am Medicine