Հայտնի են դարձել բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

14:36   1 հոկտեմբերի, 2018

2018 թվականին բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է Ջեյմս Էլիսոնին եւ Տասուկու Հոնձյոյին, որոնք քաղցկեղի իմունոթերապիայի նոր մեթոդ են մշակել:

«Երկու դափնեկիրների հիմնարար բացահայտումները քաղցկեղի դեմ պայքարում կարեւոր դեր են խաղում»,- նշել են Կարոլինայի բժշկական ինստիտուտին առընթեր Նոբելյան կոմիտեում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուռուցքաբանության ամենակարեւոր խնդիրներից մեկն այն է, որ իմունային համակարգը հիմնականում չի ճանաչում չարորակ ուռուցքները:

1992-ին Հոնձյոն Т լիմֆոցիտների (իմունային համակարգի բջիջներ) մակերեւույթի վրա հայտնաբերել էր PD-1 սպիտակուցի մոլեկուլ, որը քաղցկեղային բջիջներին հաջողվում է արգելափակել՝ անտեսանելի դառնալով իմունային բջիջների համար: Ավելի ուշ մշակվել են դեղամիջոցային հակամարմիններ, որոնք արգելափակում են PD-1-ն «անջատելու» քաղցկեղային բջիջների ունակությունը եւ դրանով իսկ օրգանիզմին վերադարձնում են չարորակ ուռուցքները ճանաչելու եւ ոչնչացնելու հնարավորությունը:

Էլիսոնը 1995 թվականին առաջին անգամ հայտնաբերել է Т լիմֆոցիտները (CTLA-4), որոնք Т բջիջների համար հանդես են գալիս որպես ինհիբիտոր (ճնշող տարր): Հաջորդ տարի գիտնականների խումբը՝ Էլիսոնի ղեկավարությամբ, հակամարմիններ է մշակել, որոնք արգելափակում են Т լիմֆոցկիտների ակտիվությունը: Այսպիսով, գիտնականներին հաջողվել է նոր դեղի շնորհիվ մկների մոտ ճնշել քաղցկեղի մի քանի տեսակներ:

Հոնձյոն ճապոնացի իմունոլոգ գիտնական է: Նրա գիտական աշխատությունն արժանացել է մի շարք պարգեւների, այդ թվում Ռոբերտ Կոխի մրցանակի, Վիլյամ Քոլիի մրցանակի եւ Ճապոնիայի գիտությունների ակադեմիայի կայսերական մրցանակի

Էլիսոնը քաղցկեղի իմունաթերապիայի ամերիկացի մասնագետ է, Թեխասի համալսարանի ուռուցքաբանական կենտրոնի պրոֆեսոր: Նա ավելի քան 250 հոդված է գրել, որոնք հրապարակվել են առաջատար գիտական ամսագրերում, եւ ստացել է մի շարք հեղինակավոր մրցանակներ:

Ըստ ավանդույթի՝ դափնեկիրների պարգեւատրման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ Նոբելյան մրցանակի հիմնադիր շվեդ ձեռնարկատեր եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի (1833–1896) մահվան օրը: Նրա կտակած 5 մրցանակներից 4-ը սովորաբար հանձնում են Ստոկհոլմում: Խաղաղության մրցանակը, դրա հիմնադրի կամքի համաձայն, հանձնվում է Օսլոյում՝ նույնպես դեկտեմբերի 10-ին:

2018 թվականին Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը կազմում է 9 մլն շվեդական կրոն (մոտ 940 հազար դոլար):



© NEWS.am Medicine