Գիտնականները գտել են ծերանալը դանդաղեցնող համեղ միջոց

21:00   3 հոկտեմբերի, 2018

Ֆիզետինը, որը պարունակվում է մեծ թվով մրգերում ու բաջարեղենում, դրական ազդեցություն է ունենում մարդու կյանքի տեւողության եւ ընդհանրապես առողջության վրա: Այսպիսի եզրահանգման են եկել ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի եւ Մայոյի կլինիկայի գիտնականները:

Ինչպես հայտնում է EurekAlert!-ը, կյանքի ընթացքում մարդու օրգանիզմում տեղի է ունենում բջջային ծերացման պրոցես եւ վնասված բջիջների կուտակում: Երիտասարդ տարիներին օրգանիզմը վնասված բջիջներից հաջողությամբ մաքրում է իմունային համակարգը: Սակայն տարիների ընթացքում դրա արդյունավետությունը սկսում է նվազել, ինչը բերում է մարդու մարմնի հյուսվածքների վիճակի վատթարացման:

Ծերացող մկների վրա կատարված փորձի ժամանակ գիտնականները պարզել են, որ ֆիզետինը օրգանիզմում վնասված բջիջների մակարդակը նվազեցնում է՝ դրանով իսկ ազդելով կյանքի տեւողության վրա: Այսպիսով, ինչպես նշում են մասնագետները, ֆիզետինը բարելավում է առողջական վիճակը, եթե անգամ բուժումը սկսվել է տարեց տարիքում:



© NEWS.am Medicine