Էլեկտրոնային սիգարետները դեռահասներին դրդում են ծխախոտ ծխելուն եւ ալկոհոլ օգտագործելուն

16:45   4 հոկտեմբերի, 2018

Վեյփեր ծխող դեռահասները մեծ հավանականությամբ կարող են ծխախոտ ծխելուն հակվել:

Ինչպես հայտնում է Nicotine and Tobacco Research ամսագիրը, դեռահասների վրա էլեկտրոնային սիգարետների ազդեցության հայտնաբերման համար 2015-2017 թվականներին հետազոտություն է անցկացվել, որին մասնակցել է 16-ից մինչեւ 20 տարեկան 2039 երիտասարդ: Հետազոտության շրջանակում փորձարկվողների շրջանում պարբերաբար անցկացվել են հարցումներ՝ անանունության հիմքով: Այսպես՝ կամավորներին խնդրել են պատմել վեյփերի եւ սովորական ծխախոտի օգտագործման հաճախակիության մասին, ինչպես նաեւ այն մասին, թե նրանց հատկապես ինչն է դրդել ծխախոտ ծխելուն:

Պարզվել է, որ էլեկտրոնային սիգարետները ոչ միայն չեն նվազեցնում, այլեւ մեծացնում են ծխախոտի օգտագործման հաճախակիությունը: Դրանից բացի, այն դեռահասների շրջանում, որոնք սկսել են իսկական ծխախոտ ծխել, 9-17 տոկոսով գերակշռել են վեյփի սիրահարները, ընդ որում՝ «էլեկտրածխելուց» «ծխախոտ ծխելուն» անցում կատարելու համար պահանջվել է մեկ տարի:

Մասնագետները մտահոգված են նաեւ նրանով, որ էլեկտրոնային սիգարետները 8 տոկոսով մեծացնում են հավանականությունը, որ դեռահասը կսկսի նաեւ ոգելից օգտագործել: Բացի այդ՝ կապ է հայտնաբերվել վեյփեր «ծխելու» եւ ծխվող իսկական ծխախոտի թվի աճի միջեւ: Հետազոտությամբ նաեւ պարզվել է, որ նիկոտինային գոլորշացնողները մեծացնում են դեռահասի կողմից մարիխուանա օգտագործելու հավանականությունը:

Գիտնականները համակարծիք են, որ ստացած արդյունքների հետ կապված արժի էլեկտրոնային սիգարետների շրջանառության սահմանափակող միջոցներ սահմանել:



© NEWS.am Medicine