Լողավազանում ամեոբան դարձել է երիտասարդի մահվան պատճառը

22:20   4 հոկտեմբերի, 2018

Լողավազանում ամեոբան դարձել է երիտասարդի մահվան պատճառը: San Antonio Current պարբերականը հայտնում է, որ 29-ամյա սերֆինգիստ Ֆաբրիսիո Սթաբիլեն իրեն վատ է զգացել Թեխասում ալիքավոր լողավազանում լողալուց հետո: Երիտասարդի գլուխն այնպես էր ցավում, որ նա անգամ խոսել էր դժվարանում:

Սթաբիլեի մոտ հիվանդանոցում ախտորոշել են բակտերիալ մենինգիտ, իսկ լրացուցիչ անալիզները ցույց են տվել ամեոբային մենինգոէնցեֆալիտ: Մի քանի օր հետո երիտասարդը մահացել է հենց դրա հետեւանքով:

Ամեոբային մենինգոէնցեֆալիտի զարգացման պատճառը Naegleria fowleri տեսակի ամեոբան է, որով կարելի է վարակվել կեղտոտ ջրում լողալիս: Ամեոբան քթի միջով ընկնում է հոտառության նյարդի մեջ, իսկ այնուհետեւ՝ գլխուղեղ, ախտահարելով նրա բջիջները:

Ըստ վիճակագրության՝ Naegleria fowleri-ով վարակված մարդիկ 98 տոկոս դեպքերում մահանում են:



© NEWS.am Medicine