Գույնի ընկալման թեստ. Դուք կապո՞ւյտ, թե՞ կանաչ եք տեսնում

18:33   4 հոկտեմբերի, 2018

Առաջին հայացքից կարող է թվալ, թե բավականին հեշտ է կապույտը կանաչից տարբերակելը: Սակայն Optical Express-ի մասնագետները գույնի ընկալման հետաքրքրաշարժ թեստ են ստեղծել, որը ցույց է տվել, որ մարդկանց մեծամասնությունը չի կարողանում տարբերակել կապույտի որոշ երանգները կանաչից եւ հակառակը, հատկապես, երբ այդ գույները կողք կողքի են:

Թեստը շատ պարզ է. ձեզ 5 գույն է առաջարկվում, եւ դուք պետք է որոշեք կապույտի ու կանաչի երանգները:

Աչքի առողջության ազգային շաբաթի շրջանակում այս թեստն անցել են հազարավոր բրիտանացիներ, եւ նրանցից քչերն են կարողացել ճշգրիտ որոշել թեստում նշված գույներից յուրաքանչյուրը: Թեստի գույներից մեկը, այսպես կոչված, Tiffany Blue-ն կապույտի երանգ է, սակայն հարցվածների միայն 2/5-ն է այն որպես կապույտ ճանաչել:

Մասնագետների խոսքով՝ եթե անգամ դուք չկարողանաք ճիշտ ճանաչել թեստի 5 գույները, դա ամենեւին չի նշանակում, որ ձեզ մոտ դալտոնիզմ կամ գույնի ընկալման այլ խնդիրներ կան. այս գույների տարբեր ընկալման պատճառն ավելի շուտ թաքնված է ուղեղի աշխատանքում. մեկի ուղեղը կոնկրետ երանգն ընկալում է ավելի կապույտ, մյուսի ուղեղը՝ կանաչ:

Նայեք այս գույներին եւ աշխատեք կռահել՝ որտեղ է կապույտը, իսկ որտեղ կանաչը: Ճիշտ պատասխանները՝ ստորեւ:

Գույն 1 – կապույտ, R23, G103, B150

Գույն 2 – կանաչ, R0, G122, B116

Գույն 3 – կապույտ, R118, G195, B230

Գույն 4 – կանաչ, R113, G208, B197

Գույն 5 – կանաչ, R35, G151, B128



© NEWS.am Medicine