Կարող է արդյոք մարդը չնիհարե՞լ բարիատրիկ վիրահատությունից հետո

19:46   4 հոկտեմբերի, 2018

Բարիատրիկ վիրահատություններից հետո հիվանդների մեծ մասը 18 ամսվա ընթացքում կորցնում է ավելորդ քաշի 80 տոկոսը: Սակայն որոշ մարդիկ չեն նիհարում անգամ ստամոքսի ծավալի փոքրացման վիրահատությունից հետո: Եվ դա բոլորովին էլ կապված չէ «գեների» կամ ճարպակալման այլ առասպելական պատճառների հետ, այլ կենսակերպի եւ հոգեբանության հետ, պնդում է բարիատրիկ վիրաբույժ Պիթեր Սթայվենը (Նոր Զելանդիա):

Բարիատրիկ վիրահատությունները, ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում բացատրեց մասնագետը, ուղղված են ստամոքսի ծավալի փոքրացմանը: Վիրահատությունից հետո հիվանդը սկսում է ավելի քիչ ուտել, քան առաջ, քանի որ նրա ստամոքսում քիչ սնունդ է տեղավորվում: Հենց դա էլ նպաստում է արագ նիհարեցմանը. 1-1.5 տարվա ընթացքում հիվանդներն ազատվում են տասնյակ կիլոգրամներից:

Բայց եթե վիրահատությունից հետո մարդը խարդախություններ անի, նրան չի հաջողվի ազատվել ավելրոդ քաշից: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է խաբել փոքրացված ստամոքսի ժամանակ: Շատ պարզ, օրինակ՝ բարձր կալորիականությամբ ըմպելիքներ խմելով, պնդում է մասնագետը. եթե հիվանդն օրվա ընթացքում սկսի խմել նման ըմպելիքներ (այդ թվում քաղցր գազավորված), նա բնականաբար, չի նիհարի:

«Միայն վիրահատությունը բավական չի լինի ճարպակալման դեպքում ավելորդ քաշից ազատվելու համար: Կարեւոր է փոխել մտածելակերպը, կենսակերպը», - ասաց Փիթեր Սթայվենը:
Նրա խոսքով Նոր Զելանդիայում, որտեղ բնակչության շրջանում ճարպակալման տարածվածության պատճառով բարիատրիկ վիրահատություններն այսօր շատ հայտնի են, վիրահատություններից հետ հիվանդների հետ աշխատում է ոչ միայն սննդաբանը, որն օգնում է ավելի առողջ օրաբաժնի անցնել, այլեւ հագեբանը, որն օգնում է գիտակցել, ինչու է դա անհրաժեշտ անել, ինչպես նաեւ հաղթահարել նիհարեցման հետ կապված վախերը:

Իսկ նման վախեր կան ճարպակալում ունեցող շատ մարդկանց մոտ. նրանք հաճախ չգիտակցելով մտածում են, որ ավելրոդ քաշը յուրօրինակ խոչընդոտ է իրենց եւ շրջակա մարդկանց միջեւ եւ եթե այդ քաշը չլինի, նրանք իրենց անպաշտպան կզգան: Նման խնդրի հետ, ինչպես նշել է մասնագետը, հաճախ բախվում են բռնություն վերապրած կանայք:

«Իրականում մենք աշխատում ենք չվիրահատել մարդկանց, որոնք պատրաստ չեն վիրահատությունից հետո փոխել կենսակերպը: Եթե մինչ վիրահատությունը մենք հիվանդի հետ խոսակցության ժամանակ հասկանում ենք, որ նա չի ուզում կամ պատրաստ չէ փոխվել, սկսել ճիշտ սնվել, ամենայն հավանականաությամբ կհրաժարվենք վիրահատությունից», - նշեց վիրաբույժը:



© NEWS.am Medicine