Գիտնականները հերքել են կարծիքը, որ «վատ» խոլեստերինը սիրտ-անոթային հիվանդություններ է առաջացնում

18:13   5 հոկտեմբերի, 2018

Գիտնականները հերքել են կարծիքը, որ «վատ» խոլեստերինը (ցածր խտության լիպոպրոտեինները) սիրտ-անոթային հիվանդություններ է առաջացնում: Հետազոտությանը ներգրավվել են 17 սրտաբաններ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Իռլանդիայից եւ Ֆրանսիայից:

Ինչպես հայտնում է Expert Review of Clinical Pharmacology-ն, հետազոտության շրջանակում վերլուծվել են 1,3 մլն հիվանդների տվյալները: Արդյունքում մասնագետները հանգել են այն եզրակացության, որ սիրտ-անոթային հիվանդությունների եւ ցածր խտության լիպոպրոտեինների փոխկապվածության մասին հայտարարությունները հիմնված են մոլորության մատնող վիճակագրության եւ հակասական դիտարկումների անտեսման վրա:

Դրանից բացի, գիտնականները կասկածի են ենթարկում ստատինների կիրառումը որպես սիրտ-անոթային հիվանդությունների կանխման հիմնական միջոց: Հետազոտության հեղինակները վստահ են, որ ստատինների առավելությունների ցուցադրման համար օգտագործված վիճակագրական մոտեցումը իրականում մոլորության մեջ է գցել:

Մատնացույց են արվում նաեւ ստատինների ընդունման ոչ ակնհայտ առավելությունները եւ ծանր կողմնակի էֆեկտները: 2000-2012 թվականներին 12 եվրոպական երկրներում տվյալների վերլուծությունը ցույց է տվել ստատինների ընդունման եւ մահացության կրճատման փոխկապվածության բացակայությունը:

Սրա հետ կապված փորձագետները կլինիկաների բժիշկներին կոչ են անում հրաժարվել ստատինների եւ PCSK9 ինհիբիտորների օգտագործումից:

Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ սրտի սուր կաթվածով հիվանդների մոտ ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը նորմայից ցածր է եղել: Սակայն «վատ» խոլեստերինի ցածր մակարդակով առողջ մարդկանց մոտ զգալիորեն բարձր է ինֆեկցիոն հիվանդությունների եւ քաղցկեղի հավանականությունը:

Հետաքրքիր է եւս մեկ փաստ. ցածր խտության լիպոպրոտեինների բարձր մակարդակով տարեցները բոլորից ավելի երկար են ապրում: Ստացվում է, որ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակը կյանքի ընդհանուր տեւողության տեսանկյունից օգտակար է:

Ինչ վերաբերում է սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելմանը, ապա խորհուրդ է տրվում հետեւել քաշի նվազեցման ցածրածխաջրային սննդակարգին:



© NEWS.am Medicine