Քաշի տատանումները կարող են մեծացնել սրտի եւ գլխուղեղի կաթվածի հավանականությունը

13:42   6 հոկտեմբերի, 2018

Քաշի տատանումները կարող են մեծացնել սրտի ու գլխուղեղի կաթվածի եւ վաղաժամ մահվան հավանականությունը, նշված է Հարավային Կորեայից գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Circulation-ում:

Բացասական գործոնների թվում նշվում են նաեւ արյան ճնշման, խոլեստերինի եւ արյան մեջ շաքարի մակարդակի տատանումները: Հետազոտության շրջանակում վերլուծվել են ավելի քան 6,7 մլն մարդու տվյալները, որոնց հիվանդության պատմության մեջ առկա չէին սրտի կաթված, դիաբետ, արյան բարձր ճնշում կամ խոլեստերինի բարձր մակարդակ: Տեղեկությունները հավաքվել են 2005-2012 թվականներին կորեական Բժշկական ապահովագրության ազգային համակարգի շրջանակում:

Հետազոտության մեջ ներգրավված բոլոր մարդկանց հետազոտել են 3 անգամից ոչ պակաս. կշռել են, սոված վիճակում չափել արյան մեջ շաքարի մակարդակը, սիստոլիկ արյան ճնշումը եւ ընդհանուր խոլեստերինը:

Դիտարկման ժամանակահատվածում գրեթե 55 հազար մահ է գրանցվել, 22 հազարից ավելի գլխուղեղի կաթված եւ 21 հազարից ավելի սրտի կաթված:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ մետաբոլիկ ռիսկի գործոնների ուժգին տատանումները այս կամ այն կողմ մեծացրել են վաղաժամ մահվան հավանականությունը: Ընդ որում՝ վաղաժամ մահվան հավանականությունը մեծացել է 127 տոկոսով, սրտի կամ գլխուղեղի կաթվածից՝ 40 տոկոսով:

Քանի որ հետազոտությունը դիտարկման բնույթ է ունեցել, մետաբոլիկ ռիսկի գործոնների անկայունության եւ սրտի ու գլխուղեղի կաթվածի կամ վաղաժամ մահվան միջեւ պատճառահետեւանքային կապի ապացույցները բացակայում են:



© NEWS.am Medicine