D վիտամինով սննդային հավելումները ոսկորների համար անօգուտ են: Ինչպես հայտնում է Lancet Diabetes & Endocrinology-ն, այսպիսի եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները:
Գիտնականները վերլուծել են 81 հետազոտություն, որոնց մասնակցել է 53 537 մարդ: Հետազոտությունների տեւողությունը կազմել է 4 շաբաթից մինչեւ 5 տարի: Հետազոտությունների գերակշռող մեծամասնությանը ներգրավվել են 65-ն անց կանայք:
Ստացած տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ D վիտամինով հավելումները չեն ազդել կոտրվածքների եւ ընկնելու դեպքերի թվի վրա: Դրանից բացի, ոչ մի զգալի դերակատարում չի ունեցել նաեւ D վիտամինի չափաքանակը: Պարզվել է որ նշված հավելումները չեն մեծացնում ոսկրային հյուսվածքի ամրությունը:
Մինչդեռ բրիտանացի գիտնականների եզրահանգումներին ոչ բոլոր մասնագետներն են համաձայն: Այսպես, Կոլումբիայի համալսարանից բժիշկ Էթել Սիրիսի կարծիքով՝ ստացած տվյալները կարող են ճիշտ լինել միայն միջինվիճակագրական մարդուն հաշվի առնելու դեպքում: Միչդեռ հիմնական պատճառը, որ տարեց կանայք կարող են կորցնել ոսկրային զանգվածը եւ տառապել ոսկրերի կոտրվածքներից, դաշտանադադարի ժամանակ էստրոգենի կորուստն է:
Սիրիսի կարծիքով՝ այս դեպքում ռիսկի գործոնը մեծանում է օրգանիզմում կալցիումի եւ D վիտամինի ցածր մակարդակի պատճառով: