Ինչու՞ ճնշման դեղերը չեն օգնում

20:52   25 մայիսի, 2014

Սովորաբար հիպերտոնիայի մասնագետը բացահայտում է բարձր ճնշման պոտենցիալ պատճառները։ Որպես կանոն, այն միայն մեկ խնդիր չէ, այլ կան մի քանի գործոններ, որոնք նպաստում են այս խնդրին։

«Չկարգավորվող զարկերակային հիպերտոնիայի համար դեղամիջոցների ճիշտ ընտրության համար հնարավոր է մի քանի փորձ կատարվի»,-ասել է հիպերտոնիայի մասնագետ Ջորջ Թոմասը։

Իսկ ինչու՞ են բարդություններ առաջանում ճնշումը կանոնավորելիս

Պատճառ 1. այն կարող է լինել «սպիտակ խալաթի» վախից

Կան մարդիկ, որոնք նյարդայնանում են բժշկի այցելելուց, եւ նրանց ճնշումը  բնականաբար բարձրանում է, ինչը կարող է սխալ չափաբաժնի եւ բուժման պատճառ դառնալ։

Նման հիվանդներին Թոմասը խորհուրդ է տալիս գալ բժշկի մոտ նշանակված ժամից շուտ եւ ընդունարանում մի լավ խորը շունչ քաշել եւ փորձել թուլանալ։

Պատճառ 2. դեղերի սխալ ընդունում

Երբեմն մարդիկ մոռանում են դեղերը ընդունել կամ ընդունում են սխալ չափաբաժնով կամ էլ անկանոն կերպով են հետեւում ինտերվալներին։

Բացի դրանից, կան մի քանի դեղամիջոցներ, որոնք խորհուրդ չեն տրվում համադրել ճնշման դեղամիջոցների հետ. օրինակ, ցավազրկողներ, օրալ հակաբեղմնավորիչներ եւ հակակոնգեստանտներ։ Այդ պատճառով ավելի լավ է բոլոր դեղամիջոցները դնել պայուսակի մեջ եւ ցույց տալ Ձեզ բուժող բժշկին։

Պատճառ 3. ճնշման սխալ չափումը

Երբեմն տնային պայմաններում մարդիկ սխալ են չափում իրենց ճնշումը։ Բժիշկ Թոմասը առաջարկում է բժշկի գնալիս Ձեզ հետ վերցնել նաեւ ճնշում չափող Ձեր սարքը։ Թող բժիշկը համեմատի դրա ցուցմունքը կլինիկական սարքով չափված ցուցմունքի հետ։ Համոզվեք, որ սարքի թեւկապը սահմանված չափով է։ Եթե Դուք ճնշումը չափում եք տնային պայմաններում, նախ հինգ րոպե հանգիստ նստեք։ Ուղղեք մեջքը եւ համոզվեք, որ Ձեր ոտքերը հպվում են հատակին, իսկ ձեռքը սրտի մակարդակին համապատասխան է դրված։

Պատճառ 4.սխալ սննդակարգ

Դոկտոր Թոմասը հիպերտոնիայով հիվանդներին առաջարկում է քիչ աղ պարունակող դիետա՝ շատ մրգեր, բանջարեղեն, ամբողջական հացահատիկ, բուսական սպիտակուց. օրական ոչ ավել, քան 2.3գ աղ։

Պատճառ 5. ավելորդ քաշ, ֆիզիկական պասիվություն, ծխելը

Ճնշումն իջեցնելու համար, պետք է ավելացնել ֆիզիկական ակտիվությունը եւ ավելի քիչ ուտել։ Եթե Դուք ծխում եք եւ կարող եք դրանից  հրաժարվել, ապա այն ոչ միայն կօգնի իջեցնել ճնշումը, այլեւ կնվազեցնի սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը։

Պատճառ 6. մեկ այլ հիվանդություն

Դոկտոր Թոմասը հաճախ ստուգում է տարբեր սիրտ-անոթային հիվանդությունների առկայությունը իր հիվանդների մոտ, քանի որ դրանք կարող են զարկերակային չկարգավորվող  հիպերտոնիայի ինչպես նաեւ  վահանաձեւ գեղձի կամ քնի օբստրուկտիվ ապնոէայի պատճառ լինել։

Դոկտոր Թոմասն ասում է, որ մարդկանց նորմալ ճնշումը պետք է չգերազանցի 140/90մմ ս.ս. (կամ տարեցների մոտ 150/90մմ ս.ս.):



© NEWS.am Medicine