Մարդկությունը կարող է չվերապրել վերահաս «սերմագեդոնի» պատճառով. գիտնականներ

22:15   8 հոկտեմբերի, 2018

Ամբողջ մոլորակում տղամարդկանց սերմահեղուկի որակը տարեցտարի նվազում է, ինչի մեղավորը ժամանակակից կյանքն է. վատ էկոլոգիայի եւ սխալ սնվելու պատճառով ամեն տարի տղամարդկանց մեծամասնության մոտ շարժունակ սերմանբջիջների քանակությունը նվազում է մոտ 1,8 տոկոսով: Սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ զույգեր դժվարություններ կունենան բեղմնավորման հետ կապված, ինչն արդեն ոչ հեռու ապագայում կարող է սպառնալիքի տակ դնել ամբողջ մարդկության վերապրելիության հարցը:

Sidney Kimmel Medical Collegeի եւ IVIRMA կլինիկայի հետազոտողները 15 տարի հավաքել են այն տղամարդկանց մասին տվյալները, որոնք բուժում են ստացել Իսպանիայի եւ ԱՄՆ ֆերտիլության կլինիկաներում: Ամենաֆերտիլային տղամարդկանց սերմանհեղուկում ավելի քան 15 մլն շարժուն սերմնաբջիջներ են եղել, սակայն դրանց թիվն ամեն տարի 1,8 տոկոսով նվազել է: 2002-2005 թվականներին ամենաֆերտիլային խմբի մեջ են մտել հետազոտությանը մասնակցած բոլոր տղամարդկանց 84,7 տոկոսը, սակայն 2014 թվականին նրանց թիվը նվազել է մինչեւ 79,1 տոկոս: Զուգահեռ՝ հետազոտության մասնակիցների թվում անպտուղ տղամարդկանց թիվը տարեցտարի աճել է:

Icahn School of Medicine-ի գիտնականների անցկացրած եւս մեկ հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ 85 տոկոս քաղաքներում տղամարդկանց ֆերտիլությունը վատթարանում է:

Ըստ հետազոտողների՝ իրենց ստացված տվյալները պետք է վախեցնեն մոլորակի բոլոր մարդկանց: Մարդկությունը կարող է բախվել, այսպես կոչված, «սպերմագեդոնի» հետ, որի դեպքում ձվաբջիջների բեղմնավորման եւ կյանքի շարունակման համար առողջ սերմնաբջիջներ պարզապես չեն մնա:

Այս կանխատեսմանը դեռ դժվար է հավատալ, քանի որ մեր մոլորակում մարդկանց թիվը կայուն աճում է եւ ամենահամեստ կանխատեսումներով, արդեն մի քանի տարի անց այն կարող է 10 մլրդ-ի հասնել: Բայց գիտնականները պնդում են, որ մարդկային ռասան իսկապես կարող է վերանալ սխալ սնվելու, ոչ բավարար ֆիզիկական ակտիվության եւ վնասակար արտանետումների պատճառով: Այս մասին է վկայում նաեւ այն փաստը, որ արեւմտյան երկրներում շարժուն սերմնաբջիջների միջին վիճակագրական թիվը մեկ սերնդի ընթացքում տղամարդկանց մոտ ավելի քան կեսով կրճատվել է:



© NEWS.am Medicine