Հայաստանում հաճախակիացել են 20-30 տարեկանների շրջանում կաթվածի դեպքերը

18:02   8 հոկտեմբերի, 2018

Հայաստանում հաճախակիացել են 20-30 տարեկանների շրջանում կաթվածի դեպքերը: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Նյարդաբանների ասոցիացիայի ղեկավար Գուրգեն Հովհաննիսյանը, երկրում կաթվածը երիտասարդանում է:

Նրա խոսքով՝ երկրում նման պատկեր է դիտվում վերջին 15 տարիներին: Հովհաննիսյանն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ եթե նախկինում կաթվածով հիմնականում ընդունում էին 50-60 տարեկան անձանց, ապա վերջին շրջանում բժիշկներն ավելի հաճախ են հանդիպում 20-30 տարեկան անձանց կաթվածի դեպքերի:

Ինչպես նշվեց, դրա պատճառը պետք է փնտրել ինչպես սոցիալական գործոնների, այնպես էլ աշխատանքային ոչ նորմալ գրաֆիկի մեջ:

«Օրինակ՝ տաքսիստների օրական 14-16 ժամ տեւող աշխատանքն «ուղեկցվում» է առանց արձակուրդի եւ հանգստյան օրերի, ինչպես նաեւ սնվելու ռեժիմի խախտումներով: Այս ամենը վնասակար սովորությունների (օրինակ՝ ծխելու) հետ միասին կարող է դառնալ կաթվածի պատճառ»,- շեշտեց Հովհաննիսյանը:

Այն, թե հյուծման ուղղությամբ աշխատող օրգանիզմն ինչ ժամկետում խափանում կտա, կախված է արդեն կոնկրետ մարդու իմունիտետից:

Փորձագետը նաեւ ընդունեց, որ հաճախ սիրտ-անոթային հիվանդություններով մարդիկ իրենց առողջությանը ինչպես պետք է չեն հետեւում:

«Հայաստանում բժշկությունը վճարովի է, ուստի շատերը խուսափում են բժիշկներին դիմելուց»,- նշեց նա:

Մինչդեռ, կաթվածի զարգացման վտանգի գործոններից են սիրտ-անոթային համակարգի հետ կապված հիվանդությունները՝ զարկերակային հիպերտենզիան, աթերոսկլերոզը, շողացող առիթմիան, ռեւմատիզմը եւ այլն:

Ավելի վաղ NEWS.am Medicine-ի հետ զրույցում Գուրգեն Հովհաննիսյանը բացասաբար էր գնահատել այն փաստը, որ Հայաստանում կաթվածով հիվանդների մեծ մասին հիվանդանոցից տուն են ուղարկում, այլ ոչ թե վերականգնողական կենտրոններ: Սակայն դա իր բացատրությունն ունի. երկում վերականգնման հարցերով զբաղվում են միայն «Արթմեդ» վերականգնողական կենտրոնը եւ Կարմիր խաչի հայկական միության վերականգնողական կենտրոնը:

Դրանից բացի, վերականգնումը թանկարժեք «հաճույք» է, եւ շատերը պարզապես չեն կարողանում դա իրենց թույլ տալ:

Բացասական կողմերից է նաեւ այն, որ հիվանդանոցները կաթվածով հիվանդների բուժման նկատմամբ տարբեր մոտեցում ունեն հետազոտության եւ բուժման միասնական ուղեցույցի բացակայության պատճառով:



© NEWS.am Medicine