Ոսկրածուծի փոխպատվաստումը շիզոֆրենիան բուժել է

13:33   9 հոկտեմբերի, 2018

Ճապոնիայում բժիշկներին հաջողվել է շիզոֆրենիան բուժել ոսկրածուծի փոխպատվաստման ճանապարհով: Ինչպես հայտնում է Frontiers in Psychiatry-ն, բժիշկները նախապես հիվանդին բուժել են քաղցկեղային հիվանդության դեմ, իսկ ահա հոգեկան խանգարման անհետացումը նրանց համար միանգամայն անսպասելի էր:

Տղամարդու մոտ զգայախաբությունները սկսվել են 24 տարեկանում. նրան թվում էր, թե մտքերը գլխից դուրս են «հոսում», ընդ որում՝ դա կարող են տեսնել կողմնակի մարդիկ: Ֆիլմեր դիտելիս նրան չէր լքում այն զգացողությունը, որ դերասաններն իրեն գաղտնի նշաններ են ցույց տալիս՝ փորձելով իր հետ շփում հաստատել: Արդյունքում՝ հիվանդի մոտ զարգացել է տագնապայնություն, գրգռվածություն եւ քնի խանգարում:

Մեկ տարի հետո, երբ նրա վիճակը վատթարացել է, բժիշկները նրա մոտ սուր միելոիդային լեյկոզ են ախտորոշել՝ արյան քաղցկեղի տարատեսակներից մեկը, որի բուժման համար անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում: Դոնորի ոսկրածուծի փոխպատվաստումից հետո շիզոֆրենիայի ախտանիշները վերացել են:

Վիրահատությունից հետո մի քանի տարի է անցել, սակայն հոգեկան խանգարումն այդպես էլ չի վերադարձել: Մասնագետները սա պայմանավորում են այն հանգամանքով, որ ոսկրածուծի փոխպատվաստումը թույլ է տվել հիվանդի իմունային համակարգը վերբեռնել:

Ուշագրավ է, որ գիտությանը հակառակ դեպքն էր հայտնի՝ հիվանդին փոխպատվաստել էին շիզոֆրենիայով հիվանդ եղբոր ոսկրածուծը: Արդյունքում նա քաղցկեղից բուժվել էր, սակայն հետագայում նրա մոտ շիզոֆրենիա էր զարգացել:



© NEWS.am Medicine