Մալարիայի դեմ նոր պատվաստում

21:36   24 մայիսի, 2014

Գիտնականները մշակել են մալարիայի դեմ նոր հեռանկային մի պատվաստում, որը արգելափակում է արյան կարմիր բջիջների (որոնք նրանք վարակել են) ներսում առկա հիվանդածին մակաբույծները, հայտնում է Fox News-ը։

Համաձայն հետազոտողների՝ փորձնական պատվաստումը պաշտպանել է մկներին հինգ ուսումնասիրությունների ընթացքում, եւ այն մոտակա չորսից վեց շաբաթվա ընթացքում թեստավորում կանցնի լաբորատոր կապիկների վրա։

Ռոդ Այլենդի հիվանդանոցի բժիշկ Ջոնաթան Կերտիսը հայտնել է, որ եթե կապիկների վրա կատարվելիք փորձը  հաջողությամբ ավարտվի, ապա մարդկանց մի քանի խմբերի  պատվաստման կլինիկական փորձարկման փուլը կարելի է սկսել կես տարի անց։

Տանզանիայի, որտեղ մալարիան համարվում է էնդեմիկ հիվանդություն, հարյուրավոր երեխաների արյան նմուշներն ու համաճարակային տվյալներն օգտագործելով՝ հետազոտողներին հաջողվել է հստակ որոշել PfSEA-1 սպիտակուցը, որն անհրաժեշտ է մակաբույծների համար արյան կարմիր բջիջներից դուրս գալու եւ մալարիան տարածելու համար։

Այնուհետեւ հետազոտողները պարզել են, որ այդ սպիտակուցի դեմ պայքարի համար օրգանիզմի իմունային համակարգի կողմից արտադրվող հակամարմինը հենց կարմիր բջիջներում թակարդի մեջ է գցում մակաբույծներին՝ արգելափակելով նրանց հետագա տարածումը։

Մալարիայի մանր մակաբույծները գտնվում են էգ մոծակների թքի մեջ, եւ խայթելուց հետո այն մտնում է մարդու արյան մեջ։ Մակաբույծները անցնում են լյարդի միջով եւ վարակում արյան կարմիր բջիջները։ Այստեղ նրանք մեծ արագությամբ բազմանում են՝ պայթացնելով արյան բջիջները եւ օրգանիզմը լցնելով ավելի ու ավելի շատ մակաբույծներով։

Եթե մակաբույծները արգելափակված մնան, փայծաղի բջիջները՝ մակրոֆագները, կարող են դրանց վնասազերծել, ասել է Քերթիսը։



© NEWS.am Medicine