Ավանակի կաշվից չինական «երիտասարդացման էլիքսիրը» 1000 դոլար արժե

23:45   12 հոկտեմբերի, 2018

Ավանակի կաշվից չինական «երիտասարդացման էլիքսիրը» 1000 դոլար արժե:

Չինաստանում ավանակի կաշին օգտագործվում է էցզյաո դոնդողանյութ պատրաստելու համար, հայտնում է ВВС-ն: Չինական ավանդական բժշկության մեջ դրանով բուժել են անեմիան եւ քաղցկեղային հիվանդությունները, իսկ այսօր այն օգտագործում են կոսմետիկայում:

Չինաստանում էցզյաոն գովազդում են որպես «երիտասարդացման էլիքսիր», որը նպաստում է արյան շրջանառության բարելավմանը, վիժումների կանխմանը եւ մաշկի ծերացման դանդաղմանը: Պարզվում է, որ էցզյաոյի օգտագործումը էժան հաճույք չէ՝ չինական Alibaba համացանցային խանութում էցզյաոյի հիմքով արտադրանքի գինը հասնում է գրեթե 2 հազար դոլարի:

Չնայած Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի այն հայտարարությանը, որ էցզյաոյի օգտակար հատկությունները չափից ավելի ուռճացված են, աճող արդյունաբերությունը տարեկան վերամշակում է մոտ 4 մլն ավանակի կաշի, իսկ Չինաստանում ավանակների գլխաքանակը, պաշտոնական տեղեկություններով, 1990 թվականի 11 մլն-ից 2017 թվականին կրճատվել է մինչեւ 3 մլն:

Չինաստանում հույս ունեն էցզյաոյի արդյունաբերության կախվածությունը ներմուծումից թուլացնել երկրի ներսում ավանակի պոպուլյացիայի վերարտադրման հաշվին: Սակայն բնապահպանները նախազգուշացնում են, որ այս կենդանիների հասունանալու երկարատեւությունը հաշվի առնելով՝ դրա համար տարիներ են հարկավոր:



© NEWS.am Medicine