Բժիշկները հիվանդի աչքից հանել են 15-սանտիմետրանոց որդ (տեսանյութ)

12:05   13 հոկտեմբերի, 2018

Նախազգուշացում. Հոլովակը ոմանց կարող է տհաճ կամ սարսափելի թվալ:

Հնսկաստանից 60-ամյա հիվանդը Քունդափուր քաղաքի New Medical Centre հիվանդանոց էր դիմել աչքի ցավով եւ քորով: Բժիշկները զարմանքով նրա աչքի մեջ հայտնաբերել էին Wuchereria Bancrofti տեսակի 15-սանտիմետրանոց որդ:

Բժիշկների տարածած հոլովակում երեւում է, թե նրանք հիվանդի աչքից, ում անունը չի հրապարակվում, ինչպես են հանում երկար սպիտակ որդը:

«Ամենադժվարը որդին ողջ դուրս բերելն էր, քանի որ եթե մենք նրան սպանեինք հիվանդի աչքի մեջ, դա բարդություններ կառաջացներ»,- ասել է բժիշկ Շիքանթ Շեթթին:

Հետագա անալիզները ցույց են տվել, որ հիվանդի արյան մեջ նույնպես այդպիսի որդեր կային եւ հնարավոր է՝ հենց արյան միջով էին ընկել նրա աչքի մեջ: Նրան տվել են հակամակաբուծային դեղամիջոցներ:

Մարդը կարող է որդի այս տեսակով վարակվել մոծակի խայթոցի միջոցով: Բժիշկների խոսքով՝ եթե որդը հիվանդի աչքի մեջ ավելի երկար մնար, ապա կարող էր նրա տեսողությանը լուրջ վնաս հասցնել:



© NEWS.am Medicine