21-ամյա աղջիկը վախենում է տանից դուրս գալ անխտիր ամեն ինչի հանդեպ ալերգիայի պատճառով

10:45   16 հոկտեմբերի, 2018

Հարավային Կարոլինայի 21-ամյա բնակիչ Չեյեն Փերին վախենում է տանից դուրս գալ անխտիր ամեն ինչի հանդեպ ալերգիայի պատճառով: Հազվագյուտ խանգարման հետեւանքով աղջկա մոտ կարող է ալերգիկ ռեակցիա առաջանալ սնունդի կամ օճառի հոտից, հայտնում է The Daily Mail-ը:

Իմունային համակարգի մեծ զգայունության պատճառով Չեյենը կարող է տան սահմանները լքել միայն հատուկ դիմակ կրելով: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են MCAS, ինչի հետեւանքով իմունային համակարգն արձագանքում է ցանկացած գրգռիչի: Դրանից բացի, Չեյենը տառապում է Էլերս-Դանլոսի համախտանիշով եւ գաստրոպարեզով, որը թուլացնում է մկանները եւ մարսողական համակարգը:

Աղջիկն արդեն 3 տարի հիվանդության պատճառով չի կարողանում նորմալ կերակուր ուտել եւ անհրաժեշտ սննդարար նյութերը ստանում է հատուկ խողովակով: Չեյենը 13 տարեկանում անցել է տանը ուսանելուն, իսկ եւս 3 տարի հետո նրա փորի մեջ տեղադրել են հատուկ սնուցող խողովակ: Հիմա աղջիկը սովորում է համալսարանում՝ հոգեբանի մասնագիտությամբ՝ դասախոսությունները լսելով առցանց ռեժիմում:

Ալերգիայի պատճառով աղջիկը կոսմետիկա չի օգտագործում, խուսափում է ցանկացած սուր բույրից: Նրա մտերիմները ստիպված են ուտելիքը պատրաստել ավտոտնակում, որպեսզի նա իրեն վատ չզգա ուտելիքի հոտից:



© NEWS.am Medicine