Տնային բույսերը կարող են ձմռանը մաշկը խոնավացնել. գիտնականներ

13:42   16 հոկտեմբերի, 2018

Որոշ տնային բույսեր մեր մաշկի համար անչափ օգտակար են, քանի որ օգնում են պահպանել նրա խոնավությունը, նույնիսկ ձմռանը: Այս մասին հայտնում են The Royal Horticultural Society-ի (RHS) եւ Reading University-ի մասնագետներն ու ուսանող Քերթիս Գաբը (Մեծ Բրիտանիա):

Նրանց խոսքով՝ սենյակային բույսերը պարզ եւ հասանելի միջոց են սենյակում չոր օդի խնդիրը հաղթահարելու համար, որի հետ է կապված անբավարար խոնավության պատճառով մաշկի վիճակի վատթարացումը: Մաշկում խոնավության պակասը աշնան-ձմռան սեզոնին հատուկ խնդիր է, քանի որ մարդիկ դադարում են բավարար քանակությամբ ջուր խմել, իսկ ջեռուցման համակարգերը չորացնում են թե՛ օդը, թե՛ մաշկը: Տանն աճեցվող բույսերը կարող են այս խնդիրը լուծել, պնդում են փորձագետները:

Գիտնականներն առանձնացրել են այնպիսի բույսեր, ինչպիսին են թաղարային շուշանը, քլորոֆիտումը եւ սենյակային արմավենին՝ արեկան: Հենց սրանք են հաստատության օդն առավել արդյունավետորեն մաքրում եւ այն ջրի մոլեկուլներով հագեցնում: Բուսաբանների խոսքով՝ այս սենյակային բույսերը, իրենց չափերից եւ սենյակի պայմաններից կախված, «կարող են տերեւի մեկ քառակուսի մետրի վրա կորցնել մինչեւ մի քանի հարյուր միլիլիտր ջուր»:

Մասնագետներն առանձին նշել են, որ հաստատությունում բույսերի առկայությունը ոչ միայն մաշկն է պահպանում չորանալուց ու կնճիռներից, այլեւ օգտակար է հոգեվիճակի համար, ինչպես նաեւ ֆիզիկական առողջության:



© NEWS.am Medicine