Արսեն Թորոսյան. Առաջիկայում ստուգումներ կսկսվեն «Արմենիա» ԲԿ-ում եւ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

13:37   18 հոկտեմբերի, 2018

Առաջիկայում ստուգումներ կսկսվեն «Արմենիա» ԲԿ-ում եւ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Նա տեղեկացրեց, որ այս պահին ստուգումներ են անցկացվում 5 բժշկական կենտրոններում, որոնց թվում են՝ Ռադիացիոն բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը, Վեդիի ԲԿ-ն ու Մաշկաբանության եւ սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների գիտա-բժշկական կենտրոնը: Մանրամասների մեջ չխորանալով՝ Թորոսյանը հայտնեց, որ ստուգումների ընթացքում խախտումներ են հայտնաբերվել պետական միջոցների ծախսման ոլորտում: Նրա խոսքով՝ վատնած միջոցների մի մասը վերականգնվում է եւ բյուջե վերադարձվում:

Թորոսյանը նշեց նաեւ, որ ստուգումները շարունակվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, քանի որ Քննչական կոմիտեն խնդրել է տրամադրել 2014-2015 թվականներին հիվանդանոցի հիվանդների մասին տվյալները:

Նա նշեց, որ բժշկական կենտրոններում ստուգումներն իրականացվում են պարբերական հիմունքներով: «Պարզապես հիմա մենք ոչ մի բանով սահմանափակված չենք»,- հավելեց նա:



© NEWS.am Medicine