Լեւոն Ալթունյանին շնորհակալություն են հայտնել, սակայն չեն հրավիրել Հայաստանին շտապ օգնության 200 մեքենաները հանձնելու արարողությանը

16:04   18 հոկտեմբերի, 2018

Մենք երբեք չենք թաքցրել, որ Հայաստանին Չինաստանի կողմից շտապ օգնության 200 ավտոմեքենաների տրամադրման համաձայնագիրը ձեռք է բերվել առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանի պաշտոնավարման ժամանակ: Սակայն մենք պարտավոր ենք հասկանալ, որ դա միջպետական պայմանագիր է, որը պաշտոնատար անձանցից կախված չէ: Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ալթունյանին չէին հրավիրել շտապ օգնության ավտոմեքենաների նվիրատվության արարողությանը:

«Լեւոն Ալթունյանին շնորհակալություն նման համաձայնագիր կնքելու համար: Ես էլ եմ բազմաթիվ համաձայնագրեր կնքում, որոնք կարող են կյանքի կոչվել նախարարի պաշտոնից իմ հեռանալուց հետո: Սակայն դա չի նշանակում, որ դա միայն իմ ձեռքբերումն է: Դա երկու պետությունների ձեռքբերումն է, երկկողմ հարաբերությունների զարգացման նշան»,- հայտարարեց Թորոսյանը:

Հիշեցնենք, որ Չինաստանից Հայաստանին նվիրաբերված շտապ օգնության 200 մեքենաների փոխանցման հանդիսավոր արարողությունը Երեւանում անցկացվել է հոկտեմբերի 17-ին: Ընդհանուր առմամբ, փոխանցվել է 65 ռեանիմոբիլ եւ 135  ավտոմեքենա գծային բրիգադների համար: Շտապ օգնության բոլոր մեքենաները հագեցած են նորագույն սարքավորումներով, այդ թվում՝ դեֆիբրիլյատորով:

Շտապ օգնության 200 ավտոմեքենաներից 49-ը տրվել է «Շտապ օգնություն» մայրաքաղաքային ծառայությանը, 10-ը՝ մի շարք երեւանյան բժշկական կենտրոններին, 131-ը՝ մարզային բժշկական կենտրոններին, եւս 10-ը՝  Առողջապահության նախարարությանը (հետագա բաշխման նպատակով, եթե անհրաժեշտություն ծագի):

Հավելենք, որ այս ծրագրի շրջանակում Չինաստանի ցույց տված օգնության ընդհանուր արժեքը կազմում է 13 մլն դոլար:



© NEWS.am Medicine