Ինչո՞ւ չի կարելի երեխաների քթի մեջ կաթեցնել անոթները նեղացնող կաթիլներ

12:32   21 հոկտեմբերի, 2018

Վեց տարեկանից փոքր երեխաների քթի մեջ չի կարելի կաթեցնել անոթները նեղացնող կաթիլներ, իսկ մինչեւ 12 տարեկան երեխաների դեպքում դրանք պետք է տալ ծայրահեղ զգուշությամբ: Նման խորհուրդներ են պարունակվում BMJ գիտական ամսագրում հրապարակված նոր հոդվածում:

Հոդվածի հեղինակների խոսքով՝ ապացույցներ չկան, որ մրսածության հիվանդությունների դեպքում այդպիսի կաթիլներն իսկապես թեթեւացնում են քթի լցվածությունը կամ հարբուխը, իսկ դրանց անվտանգությունը հստակ չէ:

Պրոֆեսոր Միկե վան Դրիելը եւ նրա գործընկերները վերլուծել են մրսածության բուժման արդյունավետության վերաբերյալ մի շարք կլինիկական հետազոտությունների հրապարակված տվյալները: Նրանք պարզել են, որ անոթները նեղացնող կաթիլները 3-7 օրում մեծահասակների մոտ ինչ-որ չափով թեթեւացնում են ռնգային ախտանշանները (ինչպես միայն կաթիլները, այնպես էլ հակագիստամինների կամ անալգետիկների հետ): Սակայն բացառված չեն նաեւ կողմնակի էֆեկտները՝ անքնության մեծ հավանականություն, քնկոտություն, գլխացավ կամ ստամոքսի խանգարում: Դրանից բացի, անոթները նեղացնող դեղամիջոցների երկարաժամկետ գործածումը (7 օրից ավելի) բերում է քթի քրոնիկական լցվածության, որը դժվար է բուժվում:

Պարացետամոլը եւ այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները ջերմությունն իջեցնում են եւ ցավը մեղմում, սակայն քթի լցվածությունը կամ հարբուխը չեն նվազեցնում: Բուժման մյուս մեթոդները կա՛մ ոչ արդյունավետ են, կա՛մ ընդհանրապես հետազոտված չեն: Դրանց են վերաբերում գոլորշու ինհալյացիաները, շփելու քսուքները, էխինացեյան կամ էվկալիպտի յուղը, ինչպես նաեւ մեծ քանակությամբ հեղուկի գործածումը:

Ինչ վերաբերում է երեխաներին (հատկապես 12 տարեկանից փոքր), որոնք բնակչության մնացյալ խմբերից ավելի են ենթակա մրսածության, ապա նշված միջոցներով բուժման արդյունավետությունը նկարագրող կլինիկական փորձարկումներ չկան: Փոխարենը՝ նրանց մոտ կարող են լինել կողմնակի էֆեկտներ եւ շատ ծանր:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ ծնողները պետք է իմանան, որ անոթները նեղացնող դեղամիջոցները մինչեւ 2 տարեկան երեխաների մոտ կարող են առաջացնել ջղացնցումներ, սրտի բաբախի հաճախացում եւ անգամ մահ: Այս պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս մինչեւ 6 տարեկան երեխաներին չտալ անոթները նեղացնող դեղամիջոցներ կամ հակագիստամինային միջոցներ, իսկ 6-12 տարեկան երեխաների դեպքում զգուշություն պահպանել:



© NEWS.am Medicine