Արսեն Թորոսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բալոնի պայթյուն մեջ «իր մարդու» մեղքը չի տեսնում

16:58   18 հոկտեմբերի, 2018

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի պաշտոնակատար Արման Հովակիմյանի մեղքը չի տեսնում սեպտեմբերի 25-ին հիվանդանոցի տարածքում թթվածնային կայանում բալոնի պայթյունի մեջ: Միաժամանակ, նշենք, որ լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Հովակիմյանը մտնում է Թորոսյանի մերձավոր շրջապատի մեջ:

Հիշեցնենք, որ պայթյունի հետեւանքով մահացել էր բալոնները լիցքավորող երիտասարդ տեխնիկը: Պատահարի փաստով քրեական գործ է հարուցվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի անվտանգության պահպանման կանոնների խախտում, որն անզգուշորեն առաջացրել է տուժողի մահը):

Թորոսյանը հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ գործը քննության փուլում է:

«Մեղավորները կենթարկվեն վարչական եւ քրեական պատասխանատվության: Այս դեպքում սխալը կատարել էր աշխատակիցը, որը պետք է հետեւեր անվտանգության կանոններին: Եթե պարզվի, որ դա պետք է վերահսկեին համապատասխան պաշտոնատար անձինք, եւ նրանց գործողություններում խախտում կհայտնաբերվի, ապա նրանք նույնպես պատասխանատվություն կկրեն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Խոսելով այն մասին, որ պայթած բալոնը հիվանդանոցին չի պատկանել, Թորոսյանը հայտարարեց, որ անձամբ ինքը դրսից բալոնը բերելու հարցում տնօրենի դերը չի տեսնում: «Տնօրենը համակարգում է ընդհանուր աշխատանքային գործընթացը, եւ չի կարող միաժամանակ գտնվել հիվանդանոցի յուրաքանչյուր կետում»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ ԱԻՆ ներկայացուցիչները թթվածնային բալոնների լիցքավորման մասնագիտացված արտադրամասերում անցկացնում են տեխնիկական պահանջներին եւ պայմաններին նրանց գործունեության համապատասխանության ստուգումներ:

Ինչպես հայտնել են լրատվամիջոցները, վկայակոչելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի պաշտոնակատար Արման Հովակիմյանին, թթվածնային կայանի տնօրենը պետք է ազատվելու դիմում գրեր: Դրանից բացի, Հովակիմյանը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ կայանի ինժեներներից մեկը աշխատանքից ազատվել է, քանի որ աշախատանքի էր գալիս ամիսը 1-2 անգամ, եւ երկու ինժեների կարիք չկար:

Ավելի վաղ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը նշել էր, որ բալոնի պայթյունի հետ կապված ողբերգական պատահարը անվտանգության կանոնների կոպիտ խախտման հետեւանք է եւ ոչ բանիմաց վերահսկողության արդյունք: Նրա խոսքով՝ նոր իշխանությունների օրոք առողջապահության ոլորտում հաճախ տեղ ունի գործերի ոչ բանիմաց վարումը եւ ոչ բանիմաց կադրերի նշանակումը:



© NEWS.am Medicine