Հոկտեմբերի 19-20-ի մագնիսական փոթորիկն ինչպե՞ս կազդի մարդկանց ինքնազգացողության վրա

13:32   19 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 19-ին եւ 20-ին Երկրագնդի բնակիչներին մագնիսական փոթորիկ է սպասում: Այն այսօր թույլ կլինի, վաղը, մասնագետների կանխատեսումներով, կուժգնանա:

Մարդու առողջության եւ ինքնազգացողության վրա մագնիսական փոթորիկների ազդեցության լուրջ հետազոտություններ չկան, սակայն կարծիք կա, որ երկրամագնիսական տատանումների օրերին որոշ մարդիկ կարող են իրենց վատ զգալ: Այսօր եւ վաղը որոշ մարդիկ կարող են ունենալ գլխապտույտ, քնկոտություն կամ անքնություն, սրտի զարկերի հաճախացում, հոգնածություն, հիշողության եւ ուշադրության նվազում: Ոմանց մոտ կարող են նաեւ սրվել քրոնիկական հիվանդությունները եւ բարձրանա զարկերակային ճնշումը:

Կարծիք կա, որ մագնիսական փոթորիները մյուսների մոտ կարող են առաջացնել հոգեզգայական վիճակի վատթարացում. մարդկանց մոտ կարող է առանց պատճառի տագնապ, անհանգստություն, գրգռվածություն կամ ապատիա, դեպրեսիվ վիճակ եւ լալկանություն առաջանալ:

Մասնագետները խորհուրդ են տալիս հոկտեմբերի 19-ին եւ 20-ին ավելի շատ ջուր խմել, նվազեցնել աղի գործածումը, որն օրգանիզմում ջուրը զսպում է: Ցանկալի է սննդակարգից բացառել յուղոտ եւ աղի կերակուրները, նախապատվությունը տալ օգտակար մթերքներին, այդ թվում՝ մրգերին, բանջարեղենին եւ հատիկաբույսերին:

Դրանից բացի, խորհուրդ է տրվում հետեւել քնին՝ ցանակալի է 8 ժամից պակաս չքնել, խուսափել ծանր աշխատանքից եւ ավելի շատ հանգստանալ: Այս օրերին ցանկալի է խուսափել ակտիվ եւ ծանրաբեռնված մարզումներից:

Մագնիսական հաջորդ հզոր փոթորիկը սպասվում է նոյեմբերի 3-ին:



© NEWS.am Medicine