Բժիշկներն աճեցրել են կնոջ մատը, որը պուման էր կծել (ֆոտո)

16:57   19 հոկտեմբերի, 2018
Սարսափելի պատմությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսից 40-ամյա մոդել Յա՛Նիյա Ուոլքերի հետ Հոնդուրասում հանգստանալու ժամանակ: Կինը ձեռքը դրել է պումայի վանդակին, եւ գիշատիչը կծելով կտրել է աջ ձեռքի ցուցամատի ծայրը, հայտնում է The Daily Mail-ը:

Բժիշկներն ասել են, թե ոչինչ չեն կարող անել, եւ նա ստիպված է մնացյալ ամբողջ կյանքում ապրել հատված մատով: Սակայն երիտասարդ կնոջը հաջողվել է ԱՄՆ-ում մասնագետի գտնել, որը նրան առաջարկել է անցնել ներարկային պլազմային թերապիա (platelet-rich plasma, PRP):

Մարինա Դել Ռեյից բժիշկ Աքաշ Բաջաջի պարզաբանմամբ՝ Ուոլքերի բախտը բերել է, որ պուման միայն մատի ծայրն է կծել: Բանն այն է, որ PRP տեխնոլոգիան չի կարողանում ամբողջ մատն աճեցնել: PRP-ը հիմնված է թրոմբոցիտներով հարուստ արյան պլազմայի կիրառման վրա: Այս գործոնն, իր հերթին, հյուսվածքների վերականգնման հզոր խթանիչ է:

Ուոլքերը խոստովանել է, որ PRP-ի կիրառման առաջին արդյունքները սկսել է նկատել արդեն 2 օր անց: Բաջաջն ինքը ընդունել է, որ ստացած արդյունքները գերազանցել են իր բոլոր սպասումները:

Բուժման կուրսից հետո կինը վերադարձել է լիարժեք կյանքին: Նա հույս ունի, որ իր պատմությունը կոգեշնչի նրանց, ովքեր վախենում են որոնել բուժման այլընտրանքային մեթոդներ:



© NEWS.am Medicine