Սիամյան երկվորյակները, որոնց համար բժիշկները 24 ժամվա կյանք էին կանխատեսել, պատրաստվում են նշել իրենց երկամյակը (ֆոտո)

18:30   19 հոկտեմբերի, 2018

Սիամյան երկվորյակները, որոնց համար բժիշկները 24 ժամվա կյանք էին կանխատեսել, պատրաստվում են նշել իրենց երկրորդ տարեդարձի օրը: Այդահո նահանգից Քալլի եւ Քարթեր Թոփեսները ծնվել են 2017 թվականի հունվարին, հայտնում է The Daily Mail-ը: Սիամյան երկվորյակները սերտաճած են կոնքի հատվածում, եւ նրանցից յուրաքանչյուրն ունի կենսականորեն կարեւոր օրգանների իր «լրակազմը»:

Քալլին եւ Քարթերն արդեն սովորում են քայլել եւ աստիճանաբար դադարում են դեղ ընդունել: Չնայած նրանց անջատելու վիրահատությունը միանգամայն հնարավոր է, ծնողները՝ 25-ամյա Չելսին եւ 24-ամյա Նիկը, կարծում են, որ երկվորյակներն ուժեղ են, երբ միասին են: Ծնողների խոսքով՝ իրենք պատրաստ են վիրահատության անցկացումը քննարկել միայն այն ժամանակ, երբ երկվորյակ աղջիկները մեծանան, եւ եթե նրանք առողջական խնդիրներ ունենան:

Մինչ այդ Չելսին եւ Նիկը փորձում են նրանց քայլել սովորեցնել, ինչը սիամյան երկվորյակների համար իսկական փորձություն է: Բժիշկների կանխատեսումներով՝ աղջիկները չեն կարողանա քայլել մինչեւ 4 տարեկան դառնալը:

Չելսիի եւ Նիկի 5-ամյա որդին՝ Ջեյսոնը, քույրերի հետ արդեն ընկերացել է, խաղում է նրանց հետ եւ աշխատում ծնողներին օգնել:

Քալլին ու Քարթերը տարբեր բնավորություններով են օժտված. Քարթերը պահանջկոտ է, իսկ Քալլին՝ շատ մեղմ:



© NEWS.am Medicine