Ինչո՞վ է աչքի համար վտանգավոր օդորակիչը

19:43   19 հոկտեմբերի, 2018

Չոր աչքի համախտանիշը (չոր կերատոկոնյունկտիվիտ) աչքի հիվանդություն է, որին բախվում են գրասենյակային մեծ թվով աշխատակիցներ: Այն արտահայտվում է միանգամայն տհաճ ախտանշաններով՝ չորություն եւ այրոց, երբեմն՝ կարմրություն եւ հոգնածություն: Ոմանք գանգատվում են նաեւ վառ լույսի հանդեպ զգայունությունից:

«Աստղիկ» բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքի ղեկավար Թամարա Շահինյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ չոր աչքի համախտանիշը Հայաստանում բավականին տարածված է: Համախտանիշի զարգացման վրա ազդող գործոնների թվում է՝ միացված օդորակիչով հաստատությունում աշխատելը: Բանն այն է, որ օդորակիչը օդը չորացնում է, ինչը բացասաբար է անդրադառնում աչքերի վրա:

Եվս մեկ բացասական գործոն է համակարգչի առաջ երկարատեւ աշխատանքը: Ի դեպ, այն կարող է բերել նաեւ աչքի մկանների լարվածության:

Շահինյանը խորհուրդ է տալիս աչքերը չոր աչքի համախտանիշից պաշտպանելու համար օգտագործել հատուկ խոնավացնող կաթիլներ: Ինչ վերաբերում է աչքի մկանների լարվածությանը, ապա դրական արդյունք կունենա աչքերի մարզանքը:



© NEWS.am Medicine