Ինժեներները ներկայացրել են ձեռքի գերժամանակակից ռոբոտացված պրոթեզ

15:45   20 հոկտեմբերի, 2018

Ինժեներները ներկայացրել են ձեռքի գերժամանակակից ռոբոտացված պրոթեզ: The Daily Mail-ը հայտնում է, որ Կոռնելի համալսարանում ստեղծված պրոթեզի հիմքում մեքենաշինության ոլորտի տեխնոլոգիան է: Արդյունքում նրանց մշակումը նմանօրինակներից տարբերվում է շարժումների ուժով եւ արագությամբ:

Ռոբոտացված պրոթեզի գաղտնիքը հատուկ «փոխանցման տուփն» է, որն առաձգական նյութից տպագրվել է եռաչափ պրինտերով: Ինչպես նշում են մշակողները, սա կառուցվածքն էժանացնում եւ թեթեւացնում է: Այս համակարգը ստացել է «էլաստոմերային պասիվ փոխանցման տուփ» անվանումը:

Իրենց աշխատանքն են կատարում նաեւ մատների ծայրերին տեղադրված սենսորները. դրանք կարողանում են որոշել առարկաների ամրությունը եւ դրանցից հեռավորությունը:

Ընդ որում՝ ռոբոտացված պրոթեզն ինքնուրույն փոխվում է ըստ աշխատանքի ուժի եւ արագության: Արդյունքում արհեստական ձեռքը կարող է օբյեկտները բռնել եռապատիկ մեծացված ուժով եւ նմանօրինակներից գրեթե կես վայրկյանով ավելի արագ:

Մշակողների խոսքով՝ այսպիսի հրաշք տեխնիկայի արժեքը 500 դոլարից չի անցնի:



© NEWS.am Medicine